Վահանը մեծ բացավ աչքերը և ապշած նայում էր Թորոսյանի վրա, չկարողանալով հասկանար թե ինչու՞ այդ մարդը, որ իրեն խելոք ու փորձառու է անվանում, այդ տեսակ անմիտ և անիրավ պահանջ է անում իրենից։ Նա, արդարև, շատ տարօրինակ պատմություններ է լսել հայ վաճառականների կյանքից. շատ հետաքրքիր բաներ էր իմացել նրանց մտածելու և գործելու եղանակների մասին, բայց այն, ինչ որ այժմ էր լսում, գերազանցում էր բոլորին։
— Ձեր պահանջը, կարծեմ, իրավացի չէ. Նադիրյանի հետ բարեկամ եմ թե թշնամի այդ իմ պաշտոնին, հետևապես, և ձեզ չէ վերաբերում,— նկատեց Վահանը համեստությամբ: — Շատ մոռացկոտ ես, ա՛յ, չէ որ քեզ ա՛յն պայմանով ընդունեցի պաշտոնի մեջ, որ հեռու մնաս գրական շրջաններին մոտ եղող անձերից,— աչքերը երիտասարդի վրա սևեռլով հարցրեց Թորոսյանը:
Վահանը նոր հիշեց յուր խոստումը և պարտաճանաչ մարդու ամոթխածությամբ գլուխը խոնարհեց։
— Այժմ, կարծեմ, իրավացի է իմ պահանջը, այնպես չէ՞,— հարցրեց Թորոսյանը կրկին։
— Իրավացի է, բայց ի՞նչ վնաս կարող է հասնել ձեզ իմ այս բարեկամությունից:
— Այդ ուրիշ հարց է. և ես դրա մասին կարևոր չեմ համարում խոսել։ Առևտրական աշխարհում փիլիսոփայություններ չեն անում, այլ ասում են երկու անգամ երկու կլինի չորս։ Գիտե՛ս ինչ կնշանակե այդ։
— Ոչ։
— Շատ վատ է, որ՛ չգիտես։ Այդ կնշանակե թե՝ պա՞րտք ունիս՝ պիտի վճարես, պահանջ ունիս պիտի ստանաս, պայման ես դրել՝ պիտի կատարես։
— Հասկանում եմ։
— Շատ լավ. ուրեմն քո դրած պայմանը պիտի կատարես. այդ տեսակ մարդկանցից պիտի հեռանաս։
— Բայց ես, ընդհակառակը, փոխվել եմ Նադիրյանի բնակարանը, նրա հետ միասին եմ ապրում:
— Ինչպե՞ս. դու Նադիրյանի հե՛տ ես ապրում, այդ անպատիվ, այդ անբարոյական երիտասարդի հետ...—