Էջ:Muratsan, vol. 3.djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ զարթնում էր ցանկություն մի կողմ թողնել ազնվությունն ու մեծանձնությունր և հայտնել Թորոսյանին ամեն բան:

Բայց տեսնելով, որ գանձապահը այնպիսի մեծ վստահություն ունի յուր խորհրդապահության վրա, որ մինչև անգամ յուր ներկայությամբ չարախոսում է իրենից Թորոսյանի առաջ, հավատացած լինելով, որ նույնիսկ այդ դեպքում ինքը չի հայտնիլ նրա գաղտնիքը, նա լռում էր։

Մյուս կողմից էլ Սարյանը զայրանում էր տեսնելով, որ այդ փողի ու հաշվի երկրպագուներն այդքան նեղսրտությամբ ու նախապաշարմունքով են նայում հասարակական գործերով հետաքրքրվող անձի վրա, այդքան կասկածով ու ատելությամբ են վերաբերվում դեպի այն ամենը, ինչ որ մարդուն, գեթ մի փոքր, բարձրացնում է ստորաքարշ կյանքի մակերևույթից... մինչդեռ դեպի փողն ու հաշիվը այնքան հավատ ու ջերմեռանդություն ունին, որ ոչ միայն նրանց հարգողին, այլև հարգել կեղծողին սեփական գույքն ու պատիվն են վստահանում։

Այս հանգամանքը սրտմտեցնում էր երիտասարդին և նրա սրտի մեջ վրեժխնդրություն բորբոքում։

«Պիտի ծածկեմ այն բոլորը, ինչ որ գիտեմ. թող այդ մարդիկը պատժվին իրենց կուրության համար։ Պիտի լռեմ, մինչև որ ազնիվ ու հավատարիմ ճանաչված մարդկանց դիմակը ինքն իրեն պատռվի և ամոթի գունով շառագունե ինչպես վստահացողի, նույնպես և վստահացյալի երեսը... այդպիսի փաստը միայն կարող է խելքի բերել այս նյութապաշտ արարածներին, երբ նրանք խելքի կգան, այն ժամանակ, ես կխոսեմ իմ իրավունքների մասին...»,— մտածում էր երիտասարդ Սարյանը և ինքն իրեն այդ մտքերով մխիթարում:

Բայց ինչո՞ւ համար էր գանձապահը ծանոթացրել Վահանին Նադիրյանի հետ։ Դա յուր խորհրդավոր պատճառն ուներ, որը, սակայն, Վահանը գուշակել չէր կարող։

Գանձապահը սկզբում մտերմանալով Սարյանի հետ, ցանկացավ յուր թաքուն քաջագործություններին մասնակցող մի մշտական ընկեր պատրաստել նրանից։ Թեպետև նա այդպիսի ընկերների պակասություն չէր զգում, բայց Վահանի ընկերությունը ուրիշ նշանակություն ուներ նրա համար։ Այդ այն էր, որ Վահանը ծառայում էր Թորոսյանի գրասենյակում