Էջ:Muratsan, vol. 3.djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրեն ավելի ատելի դարձնելու գաղտնի նպատակը։ Միամիտ երիտասարդը չկասկածեց բնավ, թե գանձապահի այդ հորդորի մեջ կարող էր լինել որևէ գաղտնի դիտավորություն՝ ուղղված յուր նյութական և բարոյական շահերի դեմ։ Նա ազնվաբար հավատաց նրան և ձեռքը բռնելով՝ մտերմաբար սեղմեց և զգացված բացականչեց.

— Երդվում եմ պատվովս, որ ես ձեր բոլորի իրավունքի պաշտպան և ձեր վիճակի բարելավության պատճառ պիտի դառնամ։ Թո՛ղ ինչ ուզում է պատահի, ես առաջ կերթամ իմ ընտրած ճանապարհով, և, հույս ունիմ, որ բախտն ինձ չի դավաճանիր մնում է միայն, որ դուք հետևեք ինձ, որպեսզի կռվի դաշտում միայնակ չմնամ։

Գանձապահը հավատացրեց երիտասարդին, որ բոլոր գործակատարները կաջակցեն իրեն, հենց որ նա կռվի դրոշակը կպարզե։

Զ

Գանձապահի խոսածները Սարյանը հաղորդեց նադիրյանին։ Վերջինս ոչ միայն համակրեց առաջարկված խնդրին, այլև հայտնեց, որ ինքը սիրով կաջակցե նրան։

— «Գործակատարների ճնշված դրությունը և նրանց ստրկական վիճակը վաղուց գրավել են իմ ուշադրությունը,— ասաց նա,— վաղուց ես մտածում էին կազմել մի ուժ կամ ընկերություն, որ կարողանար կռվել հայ վաճառականի՝ հին դարերից ժառանգած այն բռնապետական օրենքների դեմ, որոնցով նա, առհասարակ, չափում է յուր ստորադրյալների պարտքի և իրավունքի սահմանը, անարգելով հաճախ նրանց մարդկային արժանապատվությունը և զրկելով այն բարոյական բարիքներից, որոնցից յուրաքանչյուր մարդ արարած օգտվելու իրավունք ունի։ Բայց որովհետև մինչև այսօր միայնակ էի, ուստի հազիվ սեփական իրավունքներս պաշտպանելու միջոց ունեցա, հետևապես ընդհանուր գործակատարների վիճակը բարվոքելու մասին ոչինչ չկարողացա գործել։ Բայց