Էջ:Muratsan, vol. 3.djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


այժմ, քանի որ դու կաս, և գործակատարների մեջ էլ ինքնապաշտպանության զգացումը զարթնում է, ես կարող եմ միանալ քեզ հետ և միացնել գործակատարներին։ Այսպիսի հավաքական ուժով մենք փառավոր գործ կկատարենք։

Նադիրյանի խոսքերը եռանդ ներշնչեցին երիտասարդ Սարյանի մեջ, նա սկսեց ծրագիրներ կազմել մոտիկ ապագայում սկսելիք գործի համար։ Եվ որպեսզի այդ գործը հաստատուն հիմքերի վրա դնե, նա որոշեց ուշադրությամբ ուսումնասիրել գործակատարների գրությունը և փաստեր ժողովել ապագա պաշտպանության գործը օրինավոր կացուցանելու համար։

Այդ բանի մեջ Նադիրյանից զատ օգնում էր նրան նաև գանձապահը (որը, իբրև թե, արդեն, օրինավոր մարդ էր դարձել) և մի քանի ուրիշ գործակատարներ, որոնք ազգասերների կարգին էին պատկանում։

Հենց այս պատրաստությունների ժամանակ Վահանը ստացավ հորից մի նամակ, որ նրա աշխույժն ու եռանդը սառեցրեց։ Փորձառու հայրը, ի միջի այլոց, գրում էր որդուն հետևյալը:

«Քանի ժամանակ առաջ շնորհավորեցի նոր պաշտոնդ, թայց չգիտեի, թե աշխատության այդ նոր ասպարեզը ընտրելուդ համար կարո՞ղ եմ ուրախանալ, թե՞ ոչ։ Որովհետև «Փնջիկ»-ի խմբագրության մեջ պաշտոն ստանձնած ժամանակ էլ հիացմունքով էիր խոսում քո հաջողության մասին. բայց հազիվ մի քանի շաբաթ անցավ և դու հուսահատված պաշտոնդ թողեցիր։ Վերջին նամակներիդ մեջ միակ մխիթարականը ինձ համար այն էր, որ դու խոստովանում էիր քո անփորձությունը և դատապարտում երիտասարդական սխալանքներդ։ Այդ ինձ ուրախացնում էր ո՛չ թե նրա համար, որ ես էլ դատապարտում էի այդ սխալները, ո՛չ, սխալվիլը ամենից ավելի երիտասարդությանն է հատուկ. այլ նրա համար, որ տեսնում էի, թե քո անհաջողությունները սովորեցրել են քեզ ճանաչել փորձառության և խոհեմության արժեքը։ Այժմ ուրախ եմ, որ ամիսներ անցնելուց ետ հուսահատական ոչինչ չիս գրում, ընդհակառակը, հույս ես տածում թե, օրըստօրե