Էջ:Muratsan, vol. 3.djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վիճակդ պիտի բարելավվի և թե ակներև հաջողություն պիտի ունենաս:

Բայց որովհետև անցյալ անհաջողություններից առած դասերը միշտ մոռացվում են հաջողության ժամանակ և շատ խելոք մարդիկ հենց այդ մոռացության շնորհիվ միևնույն սխալը կրկնել են իրենց կյանքում մի քանի անգամ, ուստի ավելորդ չեմ համարում զգուշացնել քեզ, որ դու չվստահանաս քո հիշողության վրա և մեծ բան չկարծես այն փորձառությունը, որ ձեռք ես բերել քո առաջին անհաջողությամբ։ Իմացի՛ր, որ գործունեությանդ նույնիսկ այժմյան ասպարեզում դեռ շատ փորձանքներ են սպասում քեզ։ Զգույշ կաց, որ առիթ չունենաս նորից քո անփորձության վրա գանգատվելու։ Պաշտոնիդ ու պարտավորությանդ հավատարիմ լինելուց զատ, դու պարտավոր ես, նաև, հնազանդ լինել պարոն Թորոսյանին, ինչպես քո հորը և պատվավոր ազգակցին։ Նրա խորհուրդներից շատերը կարող են քո հասկացողության և գաղափարներին հակառակ լինել, բայց իմացիր, որ դու ավելի օգուտ կունենաս այդ խորհուրդներին հետևելով, քան նրանց հակառակելով։ Երիտասարդների ընկերությունը գրավիչ է և սիրելի, բայց նրա տված խորհուրդները լիեն սխալանքներով։ Աշխատիր, որ այդ ընկերություններին սիրելի լինես, բայց ոչ հլու, հպատակ։ Նրանց տված տասը խորհուրդներից մեկին հետևիր, այն էլ քո անցյալ անհաջողությունների պատմությունը հիշողությանդ մեջ նորոգելուց ետ»։

Հոր նամակի այս տողերը կարծես սթափեցրին երիտասարդին մի արբեցողությունից, որի մեջ ընկել էր նա գանձապահի և Նադիրյանի հորդորները լսելով։ Մի քանի անգամ կարդաց նա այդ տողերը և ինքն իրեն մտածեց.

— «Արդյոք սա բախտի ազդարար ձայնը չէ՞, որ հասնում է ինձ ի դեպ և զգուշացնում է վտանգավոր ճանապարհի վրա ոտք կոխելուց, արդյոք չի՞ պիտի հարդեմ այս ձայնը և ետ կանգնեմ իմ դիտավորությունից։ Մի քանի անգամ արդեն ես պատժվել եմ իմ հոր փորձառու խրատները չլսելով։ Ի՞նչ պատճառաբանությամբ կարող եմ արդարացնել ինձ, եթե կրկին անգամ փորձանքի ենթարկվեմ։ Մի՞թե այնուհետև իմ սխալները խոստովանելով, կամ արածիս վրա զղջալով,