Էջ:Muratsan, vol. 3.djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երևակայում էին թե ի՜նչ աղմուկ, ի՛նչ իրարանցում պիտի հարուցաներ նա առևտրական դասակարգի մեջ, ինչպես շատերը պիտի զայրանային իրենց դեմ. ի՜նչ անարգ խոսքեր, ի՜նչ հայհոյանքներ պիտի տեղային իրենց հասցեին։ Սարյանը մեկ վախենում, դողդողում էր այդ հոդվածի պատճառով իրեն հասանելի վտանգները գուշակելով. մերթ արիանում, հպարտանում էր՝ մտածելով, որ այդպիսի կարևոր և ուշադրության արժանի խնդիրը առաջին անգամ ինքն է հրապարակ հանում, որ գործակատարների բռնաբարված իրավունքների պաշտպանը ինքն է հանդիսանում։

Երբ Վահանը յուր հոդվածը տպագրության տալու մասին հայտնեց Թորոսյանի գանձապահին, վերջինս ուրախությամբ բացականչեց,— այժմ ուրեմն փրկված ենք մենք։ Գործակատարները այսուհետև քեզ իբրև բարերար կճանաչեն, իսկ Թորոսյանը, ես հավատացած եմ, յուր ստորադրյալներին պատահելուց, այսուհետև առաջին անգամ ինքը գլխարկը կհանե։

Այս խոսքերը, ճշմարիտ է, չգգվեցին Վահանի ինքնասիրությունը, որովհետև նա գանձապահի գովություններին նշանակություն չէր տալիս, բայց փարատեցին այն երկյուղը, որը նա կրում էր Թորոսյանից։

Վերջապես մի գեղեցիկ օր լույս տեսավ «Մանգաղ» օրաթերթում «Մի մոռացված դասակարգ» վերնագրով Վահան Սարյանի գեղեցիկ հոդվածը։ Այդ առթիվ «Մանգաղ»֊ի խըմբագիրը, նույնպես, համաձայն յուր խոստման, գրել էր մի առաջնորդող, դնելով նրա ճակատին միևնույն վերնագիրը, և կրկնելով նրա մեջ միևնույն մտքերը, կարծիքները և փաստերը, որոնք շարահարված էին Սարյանի հոդվածում, առանց, սակայն, յուր կողմից մի խելոք խոսք ասելու, մի նոր միտք հայտնելու, և կամ ազդու եզրակացություն անելու։ Պարոն խմբագրի առաջնորդողի գլխավոր արժանիքն այն էր, որ նա խիստ և անքաղաքավարի լեզվով հարձակվում էր առևտրական դասակարգի վրա՝ անվանելով նրանց գողեր, հափշտակողներ, վաշխառուներ, բռնակալներ և այլն։

Նադիրյանը վաղ առավոտից ստանալով թերթը, հիացմունքով կարդաց թե՛ առաջնորդողը և թե՛ Վահանի հոդվածը