Էջ:Muratsan, vol. 3.djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


և ապա մտնելով վերջինի սենյակը, ավետեց նրան հոդվածի հրատարակվիլն։

Վահանը շտապով աչք անցրեց յուր հոդվածի վրա, տեսնելու համար թե նրա մեջ տպագրական սխալներ չկա՞ն։ Որովհետև «Փնջիկ»-ի խմբագրության մեջ արդեն սովորել էր նա վախենալ այդ սխալներից, որոնք շատ անգամ հեղինակի բառերը և խոսքերը փոխելով՝ այլանդակում են, նաև, արտահայտած միտքը և ընթերցողների առաջ (որոնցից շատ քչերն են գրաշարների և սրբագրչի սխրագործություններին ծանոթ), ծիծաղելի են դարձնում խեղճ հեղինակին։ Հոդվածը, փառք աստուծո, տպագրված էր անսխալ։ Այդ լավ տպավորություն արավ Վահանի վրա։ Բայց երբ նա խմբագրի առաջնորդողը կարդաց, յուր ամբողջ մարմնով մի անհաճո դող անցավ։

— Օ՜հ, այս առաջնորդողը ամեն բան պիտի փչացնե,— բացականչեց նա, ճակատին խփելով.— ինչ որ մենք մտածել ենք շինել, սա անպատճառ կքանդե․ ես իզուր չէի այս թերթից վախենում...

— Ինչո՞ւ, ի՞նչ է պատահել, — զարմացած հարցրեց Նադիրյանը:

— Ի՞նչ պիտի պատահեր. մի՞թե այս լեզվով կարելի է խոսել լրագրի մեջ։ Չէ՞ որ ընթերցողները բանական մարդիկ են և ոչ վայրենիներ։

— Այդ առաջնորդողը ուրեմն չե՞ք հավանում։

— Ոչ միայն չեմ հավանում, այլև շատ ցավում ու վրշտանում եմ, որ իմ հոդվածի առիթով է գրված, որովհետև դա խմբագրական առաջնորդող չէ, այլ հայհոյանքների մի ժողովածու։

— Զարմանում եմ, մի՞թե կարծում եք թե ուրիշ լեզվով կարելի է խոսել առևտրականների հետ։

— Ամեն մարդու հետ էլ պետք է մարդավարի խոսել։ Հայհոյանքը ոչ ոքին չի համոզիլ, բայց ամենքին կզայրացնե։ Իսկ մեր նպատակը ոչ թե մարդկանց զայրացնել այլ նրանց սիրտը ամոքել, մտքի և հոգու վրա ազդել և այդ ազդեցությունից որոշ օգուտ ձեռք բերելն է։

— Ձեր հոդվածը, ընդհակառակը, շատ մեղմ լեզվով է գրված, նա մեր սպասած ազդեցությունը չէր անիլ ընթերցողի