Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընկերության անդամների ցուցակը և նրանց բոլորին միանգամից արձակել պաշտոններից. խոսել ու դատել չիմացող վաճառականները բերանները բացած, ապուշ-ապուշ նայում էին նրանց, որոնք ավելի բարձր էին գոռում, իսկ «հաստատամիտ» Սոլարյանը, գլուխը կորցրած, գույնը նհտած և ամբողջապես զարմացական նշան դարձած, նայում էր այս ու այն կողմը' առանց մեկի կամ մյուսի հետ խոսել կարողանալու։

Վերջապես նախագահի աչքն ընկավ նրա վրա։

— Հա՛, հիմա ի՞նչ ունիք ասելու,— բացականչեց նա.— Թորոսյանը յուր գործակատարին արձակում է. դուք էլ ձեր Նադիրյանին արձակո՞ւմ եք, թե՞ ոչ։

— Ե՞ս... ի՞նչ ասեմ. դե որ ասում եք, պետք է փոխեմ էլի, տասնուչորս տարի է, որ հագնում եմ...— շփոթված խոսեց Սոլարյանը։

— Ձեր սյուրտուկի մասին չէ խոսքը, ա՛յ մարդ, ինչե՞ր ես խոսում,— սրտանց ծիծաղելով նկատեց «ինտելիգենտը»։

— Հա՛, ներողություն, սխալվեցա։ ի՞նչ անեմ, խոսողներն այնքան շատ են, որ մարդ գլուխը կորցնում է։

— Ուրեմն կարձակե՞ք ձեր հաշվապահին,— նորեն հարցրեց նախագահը՝ աչքերը անողոք կերպով խեղճ «հաստատամիտի» վրա ուղղելով։

— Որ ասում եք, կարձակեմ, ի՞նչ անեմ, երևի դուք ինձ համար հաշվապահ կգտնեք։


—Ինքս կգտնեմ ձեզ համար, միայն թե այդ ապականության սերմը հեռացնեք այս փողոցից,— մեջ մտնելով խոսեց Թորոսյանը, որի ամենամեծ ցանկությունն էր հեռացնել Նադիրյանին յուր դրացությունից։

Սոլարյանը վերջնականապես խոստացավ։ Վաճառականները գործակատարների ապստամբության գործը ճնշելու համար մի քանի կարևոր խորհուրդներ անելուց ետ ցրվեցան։

Երբ Թորոսյանը մտավ յուր գրասենյակը, Սարյանը գլխակոր գրում էր։ Մյուսների հետ միասին նա էլ վեր կացավ տեղից ընդունելու յուր տիրոջ ողջույնը, որը նա այսօր խիստ կոշտ ձայնով արտահայտեց։

Հասնելով յուր սեղանին, Թորոսյանը կանգ առավ նրա