Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրան պատասխանելու համար։ Բայց նա մինչև ինձանից պատասխան առնելը ժպտալով ավելացրեց։

— Որքա՜ն ուրախ եմ, որ դուք այժմ այստեղ եք. դուք ինձ մի ծառայություն պիտի խոստանաք։

— Պատրաստ եմ, տիկին, միայն թե հրամայեք, — ասացի ես բոլորովին կեղծ հաճոյախոսությամբ։

— Բայց դեռ առաջ ծանոթացեք իմ փեսացուի, իշխան Դմիտրի Չերքեզովի հետ, մենք անցյալ օրը նշանվեցանք, — ասաց նա և ներկայացրեց ինձ յուր իշխան փեսացուին, որ խմբակի երիտասարդներից մինն էր։

Մինչև այստեղ մեր հյուրընկալ տիկինը ուշադրությամբ լսում էր երիտասարդի պատմությունը։ Բայց հենց որ նա այս վերջին խոսքերը արտասանեց, իսկույն վեր թռավ տեղից և բացականչեց.

— Անկարելի է, այդ չափազանց է. ես չեմ հավատում ձեր պատմության։

— Բայց, տիկին, դուք վիրավորում եք ինձ, — վրդովված նկատեց պատմող երիտասարդը, — տիկին Մաթիլդը այժմ իշխանուհի Չերքեզովա է և բնակվում է ձեր տանից հազիվ մի երկու հարյուր քայլ հեռու։

— Ներողություն, ես այդ չէի ուզում ասել, — մի փոքր շառագունած սկսավ յուր սխալը ուղղել տանտիրուհին. — ես ուզում էի ասել, թե դեպքը կարող է ուրիշ կերպ պատահած լինել։

— Ոչ, տիկին, ես պատմեցի հենց այնպես, ինչպես որ պատահել է։

— Ապրիք, ապրիք, լավ օգնեցիք ինձ, — ծիծաղելով բացականչեց տանուտերը, — բայց շարունակեցեք, ի՞նչ ծառայություն էր կամենում Մաթիլդը, որ դուք նրան անեք։

— Հա՛, հա՛, ինչ ծառայություն էր, պատմեցեք, խնդրում ենք, — կանչեցին մի քանի տեղից հյուրերը։

— Նա կամենում էր, որ ես խաչեղբայր դառնայի, երբ պսակվելու լինեին իրենք»

— Էհ, դուք էլ համաձայնվեց՞ք,— հարցրեց տանուտերը։

— Իհարկե ոչ, գոնե սրանով կամեցա վրեժխնդիր