Էջ:Muratsan, vol. 3.djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէր վհատեցնում մեր գործողներին, նրանց ապագա գործունեության ծրագիրը բավական ընդարձակ էր: Եվ ահա դպրոցի ապահովության գործն առժամանակ թողնելով՝ նրանք որոշում են իրենց ուշադրությունը դարձնել եկեղեցիների բարեկարգության վրա: Գործը կանոնավոր ճանապարհով սկսելու համար նրանք բաժանվում են չորս խմբակների, որոնցից յուրաքանչյուրը պարտավորվում է ամբողջ մի շաբաթ, առավոտ և երեկո, հաճախել քաղաքի մի եկեղեցին, և այդտեղի պաշտոնյաների կողմից կատարված ամեն մի անկարգություն և օրինազանցություն գրի առնելով՝ շաբաթվա վերջին ներկայացնել ընկերական Ժողովին:

Այդպես էլ անում են։ Ժողովի ժամանակ կարդացվում են բավական հետաքրքիր տեղեկություններ քաղաքի չորս եկեղեցիներում կատարված զանազան զանցառությունների և նշանավոր ու աննշան անկարգությունների մասին։

Որոշվում է գործել։

Հետևյալ օրը, որ կիրակի է, մեր գործողները դարձյալ չորս խմբակի բաժանված գտնվում են քաղաքի չորս եկեղեցիներում։ Նրանցից յուրաքանչյուրի պարտավորությունն է: ժամերգությունը վերջանալուց ետ աղմուկ հանել, ժամավորները գլխներին հավաքել և տեղի ունեցած զանցառությունների և անկարգությունների մասին բարձրաձայն խոսելով ու զանցառության հեղինակներին պախարակելով, կարգը վերականգնելու համար միջոցներ առաջարկել։

Գործողների նպատակն է ժամավորների մեջ գրգռել նախանձախնդրություն դեպի եկեղեցվո բարեկարգությունը ու պայծառությունը, իսկ պաշտոնյաներին ստիպել արի ու զգաստ լինել իրենց պաշտոնին և հավատարիմ իրենց սրբազան կոչման։

Մի՞թե հարկավոր է ասել, որ հենց առաջին փորձի ժամանակ մեր հերոսները անհաջողության հանդիպեցան։ Խմբակներից մինը, որ մայր եկեղեցումն էր յուր քաջագործությունն սկսել, բացի ժամավորներից նախատինք կրելուց, քահանաներից էլ հայհոյվել էր։ Երկրորդ խմբակը, որի մեջ էր մեր վեպի ապագա հերոս պ. Սարյանը, քիչ էր