Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատրաստությամբ վերադառնալուց ետ կարող եմ պիտանի լինել իմ հայրենակիցներին:

— Այդ պայմանով միայն ձեր Թիֆլիս գնալն անհրաժեշտ է,— ասաց տիկին Գոհարը:

— Այդ պայմանով էլ մենք կարող ենք գնալ, մայրիկ, այնպես չէ՞,— ժպտալով հարցրեց Աշխենը։

—Ո՞վ գիտե, գուցե բախտը մի օր հաջողի,— պատասխանեց մայրը։

— Եվ աստուծով կհաջողի. հարկավոր է միայն կամենալ և աշխատել,— հարեց երիտասարդ Սարյանը և տեղից բարձրացավ։

Լուսինը բավական բարձրացել էր, և երեկոյի հովը տեղի էր տալիս գիշերային ցրտության:

Երիտասարդն յուր բարեկամուհիների հետ միասին դուրս գալով պարտեզից՝ բա՛րի գիշեր մաղթեց նրանց և հեռացավ:

Իսկ տիկինն ու աղջիկը լուռ ու մտախոհ քաշվեցան տուն:

Գ

ԳԱՂՏՆԻ ԶԳԱՑՄՈԻՆՔՆԵՐ

Բարեկամներից բաժանվելուց ետ երիտասարդի սիրտն սկսեց ճնշել մի ինչ որ նոր, կարծես օտար, բայց հետզհետե ընտանի դարձող մի զգացմունք։

Հազիվ հասել էր փողոցի այն տեղը, ուր Երեմյանների պարտեզն էր վերջանում. նա կանգ առավ, մոտեցավ ցանկապատին և նայեց այն կողմը, ուր մի քանի րոպե առաջ նստած էին իրենք։

Լուսինը դարձյալ լուսավորում էր, և այս անգամ ավելի պայծառ. գիշերային հովը դարձյալ օրորում էր պարտեզի ծառերը, և մեղմ շրշյունը դարձյալ լսվում էր ինչպես մենավոր ճգնարանի հեզաձայն մեղեդի։

Երիտասարդի ոտքերը գամվեցան գետնի վրա. նա չէր