Էջ:Muratsan, vol. 3.djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իսկ այդպիսի անկախություն ձեռք բերելու համար դու դրամ պետք է ունենաս։ Եվ որովհետև հայրդ քեզ այդ դրամը չի կարող տալ, որովհետև չունի, ուրեմն, դու նրան պիտի ստանաս արդար վաստակով, իսկ արդար վաստակը՝ ծառայելը, տքնելը և շարունակ չարչարվելն է:

— Եթե մեր երիտասարդական ուժն ու կորովը դրամ վաստակելու աշխատության մեջ վատնենք, էլ այնուհետև ի՞նչը պետք է նվիրել մեր ազգին. մի՞թե մեր անկարող ծերությունը,— վրդովված նկատեց Վահանը:

— Ոչ, ձեր փորձառու ծերությունը, այդ գուցե ավելի օգուտ կբերի։ Բայց և այնպես ինչո՞ւ ծերության սպասել, մի կողմից աշխատեցեք ձեր անձնական անկախության համար, իսկ մյուս կողմից՝ ազգի հառաջադիմության համար։

— Երկու տիրոջ անկարելի է ծառայել. մինին սիրելով՝ մյուսին պիտի ատես։

— Այդ քրիստոսի խոսքն է: Բայց ես չասացի թե երկու տիրոջ ծառայիր, ես չասացի թե քո անձդ մի ջոկ տեր շինիր քեզ համար, տերդ թող ազգը լինի, իսկ անձդ զորացրու նրան լավ ծառայելու համար։ Կույր ու կաղ ծառաներն ի՞նչ բանի են պետք և ի՞նչ կարող են շինել մի տիրոջ համար։

— Բոլորը խո փողով չի պիտի ծառայեն ազգին, մեկը փողը կտա՛, մյուսը՝ անձը, երրորդը՝ խոսքը, չորրորդը՝ գրիչը...

— Ճիշտ ես ասում որդի։ Բայց փողն ու անձը տվողներն այնքան քիչ են՝ և խոսք ու գրիչ տվողներն այնքան շատ, որ ես կցանկանայի դու առաջին կարգին պատկանեիր։ Տեսնո՞ւմ ես, ես չեմ ասում չարչարվիր փող աշխատիր և փողը կուռք շինիր քեզ համար, այլ ասում եմ՝ աշխատիր, որ փող ունենաս և նրա շնորհիվ ուզածդ գործը անարգել առաջ տանես։ ճշմարիտ է, ինձ հայոց դպրոցից վկայական չեն տվել, բայց իմ ծնողները ինձ էլ այնպես հայ են ծնել, ինչպես և քեզ քո ծնողները։ Չկարծես թե ես, որ ոտանավորներ չեմ գրում, քեզանից պակաս եմ իմ ազգը սիրում, ընդհակառակը, դեռ ավելի եմ սիրում։ Այդ պատճառով էլ, խորհուրդ եմ տալիս քեզ, նախ պատրաստվել և ապա նվիրվել ազգիդ, իսկ այդ պատրաստությունը պիտի