Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Սխալվում եք, դուք այնպիսի տեղ եք գնում, ուր մեզանից ավելի լավ մարդիկ շատ կան,— նկատեց տիկին Գոհարը:

— Եթե մինչև անգամ բոլոր ինձ պատահածները ձեզանից տասն անգամ ավելի լավերը չինին, դարձյալ ես ձեզ մոռանալ չեմ կարող։

— Այո՛, մի՛ մոռանաք և շարունակ նամակ գրեցեք,— ասաց տիկին Գոհարը,— հայտնեցեք մեզ, տեսնենք թե Թիֆլիսը ո՞ր աստիճան ձեր երևակայածի և ճաշակի համաձայն գտաք, թե այնտեղի հայերը և ազգային հաստատությունները ո՞ր աստիճան արժանի են իրենց համբավին, թե ձեր գործունեության համար ի՞նչ ճանապարհ ընտրեցիք։

— Իսկ դուք, ոչինչ չունի՞ք ինձ ասելու,— ժպտալով դարձավ երիտասարդը օրիորդ Աշխենին, որ նուրբ և խորհրդավոր ժպիտը երեսին՝ անխոս կանգնած լսում էր իրեն։

— Ե՞ս. ոչ մի առանձին ասելիք չունիմ,— պատասխանեց օրիորդը խաղաղ ժպտալով.— միայն ձեզ բարի ճանապարհ և ձեր գործերին անվերջ հաջողություն եմ մաղթում։ Ուրախ եմ, որ գնում եք, թեպետ տխրելու էլ իրավունք ունիմ, որովհետև բաժանվում եք մեզանից։ Բայց որ գնում եք գործելու, գնում եք ազգային անդաստանում աշխատելու, ուրախությունս ավելի մեծ է։ Հոգ չէ թե մինչև անգամ մեզ մոռանաք: Այդ մոռացումը, ճշմարիտ է, մեզ վիշտ կպատճառե. բայց թե օգտավետ գործերով զբաղված լինելու պատճառով մոռանաք, այդ մեզ կմխիթարե։

— Եթե ճշմարիտ է, որ ես անկարող եմ իմ քրոջն ու ծնողներին մոռանալ, ապա ճշմարիտ է և այն, որ ես չեմ կարող մոռանալ նաև ձեզ,— ջերմությամբ պատասխանեց երիտասարդը։

— Խոստացեք, ուրեմն, որ ազգային բոլոր գործերին ու գործողներին ծանոթանալուց ետ, եթե նրանց շրջանի մեջ գտնեք մի անկյուն, որ իմ գործունեությունս կարող է պիտանի լինել, դուք այդ կհայտնեք մորս։

— Ամենայն ուրախությամբ. բայց նպատակի պիտի ծառայե այդ հայտնությունը։

— Այն ժամանակ ես կաշխատեմ, որ իմ Աշխենը բերեմ