Էջ:Muratsan, vol. 3.djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տնում մենակ տգետ մարդիկ են գինի խմում, մի բարեկամ տերտեր ունեմ, որ ամեն երեկո մինչև ինձ մոտ երեք բաժակ գինի չխմի, ժամից տուն չի վերադառնալ. այ, նա է ինձ այդ բաները սովորեցնում։

Այս և սրա նման կատակներով ու զրույցներով մեր ուղևորները շարունակում էին իրենց երկար ճանապարհը։ Օրը մի երկու անգամ կանգ էին առնում նախաճաշելու և ճաշելու համար։ Երեկոյաններն իջնում էին զանազան գյուղերում կամ քարվանսարաներում գիշերելու համար։ Ամեն տեղ էլ ուրախ ու զվարթ սրտով բանում էին պաշարները, ուտում, խմում, երգում և շատ անգամ էլ պարում էին։

Բաքու-Թիֆլիսյան երկաթ ուղին դեռ չէր բանում, գավառական քաղաքներից կառքերով ու ֆուրգոններով էին գնում Թիֆլիս։ Միջին և աղքատ դասակարգի մարդիկ, մանավանդ, վերջին տեսակի բեռնակառքերն էին գերադասում, որովհետև նրանք ավելի աժան և ձեռնտու էին, ևս առավել մեծ ծանրություն ունեցող ուղևորի համար:

Մեր բարեկամ Վահանին, սակայն, այս ճանապարհորդությունն ավելի հետաքրքրեց, քան թե ինքը սպասում էր։ Շուտով նա դադարեց մտածել հայրենի քաղաքում թողած սիրելիների մասին և շարունակ զբաղվում էր յուր ընկերներով, մանավանդ որ վերջիններս, իբրև ավելի հասակավորներ, առանձին ուշադրություն էին դարձնում նրան ուրախացնելու։ Բացի այդ, երիտասարդին շատ զբաղեցնում էին գիշերային իջևանները։ Այդ տեղերում նա ոչ միայն հետաքրքրության, այլև ուսումնասիրության արժանի շատ երևույթների էր հանդիպում, որոնք նրան թե զվարճացնում և թե լրջորեն մտածել էին տալիս։

Ահա՛, օրինակ, օրը տարաժամել, մութը կոխել է։ Հարթ ու սպիտակ խճուղին հազիվ է նշմարվում, ձիաները հոգնել ու քրտնքի մեջ կորել են. ուղևորները խոսելուց կամ կատակներ անելուց ձանձրացած ոմանք լուռ ու մունջ նստած են, ոմանք պայուսակների վրա կռթնած, ոմանք պառկած են կամ խոր քուն մտած։ Կառավարը նույնպես երբեմն նիրհում և երբեմն սանձերը շարժում կամ մտրակով ձիներին խփում է. շատ անգամ սուլելով կամ թռչնի նման