Էջ:Muratsan, vol. 3.djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առաջ և նրանցից յուրաքանչյուրը գնում որ իրեն հարկավոր իրեղենները, դրանց մեջ են ոչ միայն ֆուրգոնով եկողները, այլև սայլորդ, ձիավոր և հետյոտն ուղևորները, իրենց զանազանակերպ դեմքերով, ձայներով, նայվածքներով և բազմատարազ հագուստներով: Նրանցից ոմանք միս, գինի կամ օղի են գնում, ոմանք հաց ու պանիր, ուրիշները թեյ, շաքար, ծխախոտ և այլն: Քիչ ժամանակից ետ ինքնաեռները եռում, խորովածները խորովում և սփռոցնորը բացվում են: Սկսվում է կեր ու խումը, խոսքն ու ծիծաղը, երգն ու պարը և երբեմն էլ տուրուդմփոցը:

Թուրք կառապանները ուղևորների հետ չեն։ նրանք հավաքված ֆուրգոնների մոտ թե' պահպանություն են անում ապրանքին և թե' իրենց ծառաների հետ առանձին խումբ կազմած' վառում են մեծ ու չաղ կրակ, նստոտում են նրա շուրջը, երբեմն ծալապատիկ, երբեմն քարերի վրա կկզած և շարում կրակի առաջ ծխից ու մրից սևացած. պղնձե թեյնոցները (չայդան)։ Շուտով ջուրը եռում ու պլպլում է։ Կառապանն աոանձին հոգածությամբ բանում է փոքրիկ պայուսակը, հանում է թեյը և մի քանի պտղունց թափում թեյնոցի մեջ։ Մինչև որ սա կպատրաստվի, սկսում է յուր ձեռքով կոտրտել նույն պայուսակում խնամքով պահված շաքարի փոքրիկ կտորը։ Եվ ապա հիշելով, որ յուր ստամոքսին ծառայելուց առաջ աստծուն պիտի գոհություն մատուցանե, շտապում է սովորական նամազը կատարել։ Այնուհետև ժամեր են անցնում, մինչև որ դրանք ծանր ու բարակ խոսելով և չիբուխները փստացնելով ավարտում են իրենց սակավապետ ընթրիքը:

Ահա՛ հենց այդ միջոցներում, երբ կառապաններն առանձնացած՝ իսկ ուղևորներն աղմկարար ուրախությամբ կամ երգ ու պարով զբաղված են լինում, բակի մի ուրիշ անկյունում կամ ախոռների առաջ լսվում է տուրուդմբոցի շշուկը: Դրա պատճառը շատ անգամ լինում է այն, որ աղքատ ուղևորներից մինը գողանում է մյուսի ձիու, ջորու կամ իշի բաժին գարին և ածում է յուր գրաստի առաջ։ Զրկանք կրողն յուր անասունի գլխին հասած չարիքն իմանալով՝ հետամուտ է լինում գողին և գտնում նրան։ Եվ, ահա: