Էջ:Muratsan, vol. 3.djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դասի պարտաճանաչ երիտասարդը միշտ յուր աշխատանքից խնայողություն է անում այնքան, որ օր առաջ այդպիսի մի գոտի գնել կարողանա, որպեսզի յուր մահվան ժամանակ ազգականները վաճառելով նրա թաղման ծախսը հոգան:

Չոփուռի տղա Սանդրոն (այդ էր թեյարանի տիրոջ անունը) այդպիսի պարտաճանաչ երիտասարդներից մինն էր։ Նրա առաջ կանգնած փոքրիկ ծառաները, որոնք սպասավորում էին հյուրերին՝ նրանց համար թեյ կամ նարգիլե տանելով, երանում էին այն օրին, երբ իրենք էլ այնքան գումար կաշխատեն, որ այդպիսի մի գոտի կարողանան գնել:

Առավոտյան ժամը տասն էր: Թեյարանի բոլոր սեղանները համարյա բռնված էին: Նրանց ամեն մեկի շուրջը նստած էին երկու-երկու, երեք կամ չորս հոգի, որոնք կամ թեյ էին խմում, կամ նարգիլե ծխում և կամ ստամոքսի պահանջը լցրած՝ խոսում ու կատակներ էին անում: Դրանք բոլորն էլ հասարակ դասին պատկանող մարդիկ էին, այսինքն արհեստավորներ, բանվորներ, մանրավաճառներ, բայց ամենից շատն անհայտ պաշտոնի կամ մութ պարապմունքի տեր անձինք, որոնք օրվա մեծ մասն անց էին կացնում այդտեղ կամ դատարկախոսությամբ և կամ գիշերային քաջագործություններ անելու համար ծրագիրներ կազմելով։

— Գարսո՛, ստոլ թավազա արա,— գոչեց հանկարծ Չոփուռի տղան և ծառաներից մինը վազեց դեպի տերը:

Սա թեյարանի առաջադեմ սպասավորներից մինն էր, որ տեսնելով թե շիրաջ-Մանասի հետ դահլիճի դռնից ներս է մտնում մի շենք ու շնորհքով և մաքուր հագնված երիտասարդ, իսկույն շուռ եկավ, դես ու դեն վազեց և բոլոր դահլիճն աչք ածելով վերջապես գտավ մի պարապ սեղան, որի վրա թեյարանի մշտական հաճախորդներից մինը, թեյը վերջացնելուց ետ, քաղցր քուն էր մտել։ Դա մի գդակագործ էր։

— Վի կաց, տո', ի՞նչ քնելու տիղ է, — ասաց նա և արթնացնելով արհեստավորին, սեղանը քաշեց դեպի պարապ անկյունը։

— Ի՞նչ իս բլնցում (բոթում), տո', չի՞ս կանա էնենց