Էջ:Muratsan, vol. 4.djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-Միշտ և ամեն տեղ լինում են այդպիսի հանգամանքներ։ Եթե ամեն մի բերդակալ տեղի տա ստիպողական հանգամանքներին, այն ժամանակ բոլոր պետական ամրոցները թշնամու ձեռը կանցնեն:

-Ես տեղի եմ տվել ոչ թե արտաքին, այլ ներքին թշնամիներին: Ես չէի կարող իմ փոքրիկ գնդով դեմ դնել բազմաթիվ ամրոցականներին. չէի կարող նաև եղբայրասպան կռիվ մղել իմ հարազատների դեմ. բավական է, որքան միմյանց արյուն թափեցինք...։

Բերդակալը վերջին խոսքն արտասանեց ջերմությամբ:

Մարզպետունին նայեց նրան մի խորհրդավոր հայացքով և գլուխը շարժեց։

-Մի՞թե ինձ վրա բարկանում ես դու, կամ, գուցե, անկեղծ չե՞ս գտնում իմ պատասխանը։

-Ընդհակառակը, շատ անկեղծ եմ գտնում, ինքս լավ ըմբռնում եմ մեր դրության ծանրությունը։ Թշնամին աչքերը հառած սպասում է հարմար առիթի` մեր երկիրն արշավելու, մենք էլ մեր ձեռքով պատրաստում ենք այդ առիթը։ Դու, բարեկա՛մ, չես կամենում եղբայրասպան կռիվ մղել հարազատիդ դեմ, մի՞թե ես կարող եմ այդ արդար իրավանց հակառակիլ. չէ՞ որ եղբայրասպանությունը նույնիսկ անձնասպանություն է...

-Շնորհակալ եմ, որ հասկանում ես ինձ։ Ես իրավունք կտայի քեզ սուր ցցել իմ կրծքի մեջ, եթե այդպիսի թուլություն արտաքին թշնամու դեմ անեի, բայց ի՜նչ մեղքս թաքցնեմ, հարազատի վրա ձեռք բարձրացնել չեմ կարող։

-Եվ երբեք էլ չպիտի բարձրացնես... բայց գուցե կարողանայիր խոհեմության ճանապարհով այս պառակտման առաջն առնել։ Պետության ամբողջությունը պահպանելու համար, այո, չպետք է երբեք հարազատի արյուն թափել, բայց ապստամբ հարազատին զինաթափ անելու նպատակով կարելի է խորամանկել։ Ամբոխն ամեն տեղ էլ նման է այն ոչխարներին, որոնք գայլի խոսքերից խաբվելով` նրա ձեռքն են մատնել պահապան շներին, որպեսզի այդպիսով գայլի բարեկամությունը վաստակեն. իսկ վերջինս, պահապան շները խեղդելուց ետ, սկսել է հիմար ոչխարները կոտորել։ Կախելու