Էջ:Muratsan, vol. 4.djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


արժանի են այն իշխանները, որոնք հարստահարում են ամբոխի այդ անմտությունը: Մեզանից ամեն մինը յուր բոլոր զորությամբ պիտի զինվի այդ դավաճանների դեմ։ Ով որ հայրենական գահի թշնամին է, նրան ամեն մի հայ յուր իսկ անձի թշնամի պիտի համարե։ Որովհետև այնքան ծանր զոհաբերություններով ձեռք բերած այս հարստությունը կորցնելուց ետ, մեզ դարձյալ գերություն և ստրկություն են սպասում։

-Այդ ամենը գիտեմ. բայց ես խորամանկելու էլ ճանապարհ չունեի, սիրելի՛ իշխան։

-Լավ, քեզ չեմ մեղադրում. անցածն անցել է։ Այժմ ինչպե՞ս, ի՞նչ ձևով միացնենք մեր այս պառակտումները. մտածե՞լ ես երբևիցե սրա մասին, չէ՞ որ շարունակ դեպի կործանումն ենք գնում։

-Մտածել եմ, այն էլ երկար ժամանակ։ Մինչև անգամ որոշ ծրագիրներ եմ կազմել, թե ի՛նչ դեպքում ի՛նչ ձևով պիտի գործենք։ Բայց դու, իշխան, ամենից առաջ պատմիր ինձ, թե ի՛նչ դրության մեջ է այժմ Ոստանը. ովքե՛ր են թագավորի հետ միաբան. որքա՛ն զորք կարելի է անջատել բերդերից. և հետո, թե ինչո՛ւ դու միայնակ գտնվում ես այժմ այստեղ. միով բանիվ, ծանոթացրու ինձ մանրամասնորեն մեր արդի դրության հետ, որովհետև այս հեռավոր անկյունում ես շատ քիչ տեղեկություն եմ առնում ձեր կողմերից, և այնուհետև ես իմ խորհուրդները կհայտնեմ քեզ. եթե բանավոր կգտնես նրանց, կգործադրենք միասին, եթե ոչ, կանեմ այն, ինչ որ դու կհրամայես։

Բերդակալի հետաքրքությունն ու արած հարցերը կարծես տարակուսանքի մեջ ձգեցին Մարզպետունի իշխանին, նա կասկածում էր, թե չլինի յուր ծրագիրները խանգարելու նպատակով է բերդակալն այդ հարցերն ուղղում իրան։

Այս մտքերն ստիպեցին իշխանին լռել մի քանի վայրկյան։ Բերդակալը գուշակեց նրա լռության պատճառը և ժպտալով նկատեց.

-Թող կասկածները սիրտդ չպղտորեն, սիրելի իշխան. իմ հավատարմությունը մի՛ չափիր այն դրությունից, որի մեջ