իշխան, ի՞նչ դիպված, ի՞նչ պատահար բերավ քեզ իմ ամրոցը, և այն` այս տարաժամին... Անշուշտ քեզ առաջնորդել է դեպի իմ տունը մի բարի նպատակ։ Մարզպետունի իշխանին, գիտեմ, չեն զբաղեցնում անձնական գործերը։ Հայրենիքն ու նրա ցավերն են, որ ուժ կամ հուսահատություն են բերում նրա վրա. այժմ ասա՛, ի՞նչ ցավ դարմանելու համար ես շնորհ բերել մեզ մոտ։
Գևորգ իշխանի տխրամած դեմքը պայծառացավ. կարծես թե Սևադան յուր ձեռքը պարզելով դուրս հանեց նրան մի խավարչտին անդունդից, իշխանի խոսքերը բացին նրա առաջ փակված ճանապարհը և նա որոշեց ազատորեն խոսել.
-Շնորհակալ եմ, տեր իշխան, որ այդքան լավ կարծիք ունիս իմ մասին. դու արդեն գուշակեցիր իմ գալստյան պատճառը և լավ ասացիր, թե անձնական գործերն ինձ չեն զբաղեցնում։ Այո՛, անձնական գործի համար չեմ այժմ Գարդմանում։ Երկիրը, իշխան, դարձյալ տագնապի մեջ է. թշնամիների հարձակման համար դարձյալ մեր հարազատները ճանապարհներ են պատրաստում, եկել եմ քո օգնությունը խնդրելու առաջիկա ընդհարումների առաջն առնելու համար։
-Իմ օգնությո՞ւնը... իշխա՛ն։
-Այո՛, քո օգնությունը։
-Դու առողջ աչքեր ունիս, տեր Մարզպետունի, անկարելի է, որ ճանապարհից մոլորված լինիս, - ժպտալով պատասխանեց Սևադան։
Իշխանի այդ հեգնությունը խոցեց Մարզպետունու սիրտը, բայց նա չվրդովվեցավ։
-Եթե մինչև անգամ զուրկ լինեի այդ պիտանի զգայարանքից, այնուամենայնիվ կարող էի դարձյալ իմ հոգվո աչքերով գտնել այն ճանապարհը, որ հանում է դեպի Գարդմանա իմաստուն և հայրենասեր իշխանի դղյակը։ Ես, գուցե, շատ անգամ մոլորվել եմ ճանապարհից, բայց այս անգամ ճիշտ հասել եմ այնտեղ, ուր որ իմ ցանկությունն ու սրբազան պարտքը առաջնորդում էին։
-Գարդմանա իշխանը խելազուրկ մարդ չէ, այո՛. և դու չէիր հավատալ, եթե ես այդ անունը տայի ինձ. բայց նա,