Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իշխան, այլևս հայրենասեր չէ. մի՛ պատվիր նրան այդ անունով։

-Նա չի կամենալ, որ հայոց արքայական գահը վտանգվի. ես այդ հաստատ գիտեմ, և եթե ինքդ իսկ հակառակը պնդես, ես չեմ կարող հավատալ։

-Սևադան մի չարագործ է այժմ, իշխան, հավատա՛ ինձ։

-Ոչ. նա միայն վրդովված է, նա սրտմտած է հարազատի անիրավության դեմ... բայց նա այդ ժամանակավոր զայրույթի պատճառով չի պատժիլ հայրենիքը, զլանալով նրա ծառաներին յուր իմաստուն խորհուրդները։

-Խորհուրդնե՞ր, դու ինձ մոտ խորհրդի՞ ես եկել, իշխան, - կարծես զարմանալով հարցրեց Սևադան։

-Այո՛, տեր իշխան. Ցլիկ-Ամրամը, Ուտիքի վերակացուն, ապստամբել է արքայից։ Բոլոր Ուտիքը, Արցախու և Գուգարաց մեծ մասը զենք են բարձրացրել իրանց թագավորի դեմ։ Եկա խորհուրդ հարցնելու հինավուրց զորավարից, թե ի՞նչ միջոցներ գործ դնենք, որպեսզի կարողանանք ճնշել այս ապստամբությունը առանց եղբայրասպան կռիվ մղելու։

-Դու ծաղրո՞ւմ ես ինձ, իշխան,-լրջությամբ հարցրեց Սևադան։

-Ինչպե՞ս կհամարձակիմ։

-Լսի՛ր, տեր Մարզպետունի. ես իրավունք չունիմ ստիպել քեզ բանալ քո սիրտն իմ առաջ։ Դու հայրենիքիդ նվիրված մարդ ես, քո թագավորի հավատարիմ պաշտոնյան ես, Սևադան պարտավոր է քեզ հարգել: Ես չեմ նեղանում, մինչև անգամ, որ դու ազատորեն չես կշտամբում ինձ, թե ինչո՞ւ միացել եմ ես Ցլիկ-Ամրամի հետ... քաղաքավարությունը, գիտեմ, օտար ունակություն չէ Մարզպետունյաց նախարարական տան ժառանգի համար։ Բшյց Սահակ Սևադան իրավունք չունի ծածկել յուր գործերը. Գարդմանա տերը չի կարող յուր թշնամությունը բարեկամությամբ վարագուրել... Ես, այո, Ցլիկ-Ամրամի հետ եմ. դու այժմ թեպետ քո անձնական բարեկամի, բայց քո թագավորի թշնամու տանն ես, խոսի՛ր ինձ հետ ինչպես արքայի հակառակորդի հետ. դրա համար ես միայն կարող եմ շնորհակալ լինել քեզ։