Էջ:Muratsan, vol. 4.djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առաջ, բարեկամ, ես մարդ եմ և միևնույն ժամանակ` սիրող հայր։ Չեմ ծածկում իմ փառասիրական փափագը. ես կամենում էի, որ հայոց թագավորր փեսայանար ինձ, մանավանդ որ տեսնում էի, թե իմ գեղանի դուստրը հիացած է նրանով. իսկ իմ աղջկան սիրում էի ես կաթոգին և իմ ուրախությունը գտնում էի նրա ուրախության մեջ. այդ պատճառով էլ աշխատեցի, որ Աշոտ Երկաթը ամուսնանար նրա հետ։ Աշոտը կարող էր բացեիբաց մերժել այդ միությունը. ոչ ոք իրավունք չէր ունենալ շղթայել նրա սիրտը յուր կամքի հակառակ։ Բայց երբ մի անգամ կապվեցավ նա իմ դստեր հետ սուրբ ամուսնության կապով, ապա պարտավոր էր պատկառ մնալ աստուծո և մարդկանց բերանով օրհնված այդ միությանը։ Բայց նա անարգեց այգ միությունը։ Կներե՞ նրան աստված թե ոչ, այդ ես չգիտեմ, դուք էլ, մարդիկդ, տեսնում եմ, չեք կամենում խստությամբ դատել նրան, բայց ես... Ես հայր եմ. սիրտ և զգացմունք ունիմ. հայրական գութ ու գորով ունիմ. և դրա հետ միասին էլ Գարդմանա Տան հպարտ իշխանն եմ... Ես չէի կարող անտարբերությամբ նայել իմ դստեր դժբախտության վրա և, միևնույն ժամանակ, երբե՛ք և ո՛չ մի պայմանով թույլ չէի տա, որ երկրիս ամենազորեղ մարդն անգամ անպատվության դրոշմ դներ իմ ճակատին։ Ես մի հարվածով կջախջախեի այն ձեռքը, որ կմոտենար իմ տոհմական անարատ անունը արատավորելու։ Ես այդ կարող էի անել։ Բայց ամենից առաջ լսեցի խոհեմության ձայնին։ «Ոչ ոքին դեռ հայտնի չէ իմ դստեր դժբախտությունը,-մտածեցի ես-նա ինքը, նույնպես, ոչինչ չգիտե այդ մասին. ինչո՞ւ ուրեմն հրապարակ հանենք ժահահոտ վերքը. նրան կարելի է բուժել նաև մի ծածկարանում. թող հանգիստ մնա իմ դստեր սիրտը և անարատ` արքայական գահի պատիվը»։ Այսպես մտածեցի ես և դիմեցի արքային։ Խոսեցի նրա հետ հայրաբար, հորդորեցի նրան չափավորել յուր խանդն ու ավյունը, սանձահարել կրքերը, հեռանալ անպատվության ճանապարհից, աղաչեցի, թախանձնցի, որ նա խնայեր իմ դստեր քնքուշ, դյուրաբեկ և վշտերի անսովոր սիրտը, որ նա խնայեր, վերջապես, հայոց արքայական թագի պատիվը... Նա առաջ չկամեցավ խոստովանել յուր հանցանքը, ծիծաղեց դառը փորձերից խրատված հոր կասկածների