Էջ:Muratsan, vol. 4.djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-Սիրային... տե՛ր Մարզպետունի, սիրային հարաբերություններ... Իմ աղջիկը, իմ սուրբ, անարատ Սահականույշը... լսո՞ւմ ես, իշխան։

-Այդ, անկարելի է։

-Անկարելի՛ է. այնպես չէ՞... Բայց մի՞թե միայն անկարելի. ուրիշ խոսք չե՞ս ասում, չէ՞ որ դա մի սոսկալի, մի զարհուրելի զրպարտություն է...

-Այո՛, լսողի սարսափման արժանի։

-Եվ նա այդ զրպարտությունը հնարեց, հասկանո՞ւմ ես. կարողացավ հնարել. խիղճը յուր սիրտը չկեղեքեց... Եվ այդ խորհուրդը վաղուց էր հղացել։ Հիշո՞ւմ ես, հենց հիշածս հաշտությունը կայանալուց ետ Վասակ իշխանը դադարեց արքունիք հաճախելուց։ Կաթողիկոսը հարցրել էր նրան, թե ինչու՞ թագավորի մոտ չէ գնում, Վասակը պատասխանել էր, թե` «Թագավորը կասկածում է իմ հավատարմության վրա»։ Եվ այդ այդպես էր։ Մի օր իշխանը թագուհու հետ միասին ելած է լինում Դվնո շուրջը զբոսանքի։ Ի դարձին թագավորը դիտողություն է անում նրան, թե Մարիամ իշխանուհին գանգատվում է միշտ, թե դու զբոսասեր չես և թե երբեք չես ընկերանում իրան զբոսանքների ժամանակ։ Հայտնի՛ր իմ կողմից իշխանուհուն, որ դրա պատճառը ոչ թե քո անզբոսասիրությունն է, այլ այն, որ ինքն ավելի գեղեցիկ չէ թագուհուց...։

-Եվ այդ խոսքերը կարողացե՞լ է թագավորն ասել։

-Վասակ իշխանն ինքը պատմեց ինձ այդ բանը վշտահար սրտով։

-Ա՞յդ էր ուրեմն պատճառը, որ կաթողիկոսը վստահության գիր առավ թագավորից Վասակ իշխանի համար։

-Այո՛. իշխանն ասել էր վեհափառին, թե՝ «Մինչև որ թագավորը երդմամբ չխոստանա, թե վստահանում է ինձ վրա իբրև յուր հարազատի և հավատարմի վրա, ես ոտքս արքունիք չեմ դնիլ»։ Եվ կաթողիկոսն այդ երդմնագիրն առավ նրանից։ Իշխանն այնուհետև ազատ ու անկախ ելևմուտ էր անում թագավորի մոտ։ Բայց, ահա՛, մի օր հրամայեց կալանավորել իշխանին և տանել Կայյան բերդը։ Լսելով այդ լուրը, ես վրդովվեցա։ Իսկույն ևեթ նամակ գրեցի նրան և հարցրի, թե ինչո՞ւ իմ բարեկամին և յուր հորաքեռորդուն բանտարկել է