Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եմ հայտնելու, որովհետև այդ խնդրում է ինձնից իմ թագուհու հայրը։ Վասակ իշխանին կալանավորեցի և մահվան պիտի դատապարտեմ յուր այն անարժան վարուց համար, որով նա իմ արքայական տան պատիվն արատավորեց, վաղուց ի վեր անպատշաճ հարաբերության մեջ լինելով քո դստեր և իմ ամուսնու հետ։ Նրա հանցանքը ինքս ստուգեցի անձամբ, ուստի և կալանավորել հրամայեցի` չարին չարով կործանելու համար։ Բայց որպեսզի արքայական ընտանիքի պատիվը և Գարդմանա հզոր իշխանի անունը չարատավորվի աշխարհի առաջ, ես այդ իշխանին հրատարակեցի իբրև մասնակից Աբասյան դավակցության և պատրաստել տվի դրա համար օրինական ապացույց։ Շնորհակալ պիտի լինես, որ այսքան հոգատար եմ քո տոհմական անունն անաղարտ պահելու մասին։ Իսկ Վասակ իշխանի մեղսակցին և քո դստերը պատժելու իրավունքը հանձնում եմ քեզ, իբրև մի արդարադատ հոր։

Աշոտ Բ. Թագավոր հայոց»:

Մարզպետունի իշխանի վրա արքայի այս նամակը ամենածանր տպավորություն արավ։ Այն թագավորը, որ մինչև այդ այնքան բարձր և վեհ էր երևում յուր աչքում, կարծես մի ակնթարթում գլորվեցավ, ընկավ այդ բարձրությունից, նրա վեհությունը ոչնչացավ. նա երևաց այժմ իրան իբրև մի հասարակ, սինլքոր արարած, որին կրքերը շրջում, տարուբերում են ամեն կողմ, որ գերի և ստրուկ է դարձած մարդկային արժանիքը անասնական բնազդին ստորադրող զգացմունքներրին...։

Մինչև այդ, Մարզպետունի իշխանը, արդարև, ներողամիտ էր լինում երբեմն դեպի թագավորը` նրա թուլությունը յուր բնական խառնվածքին վերագրելով։ Նա շատ ընտիր մարդիկ էր ճանաչում, որոնք ազատ չէին այդ արատից։ Բայց նա երբեք չէր կարող հավատալ, թե թագավորը յուր այդ հանցավոր թուլությունը վարագուրելու համար կդիմեր ոճրագործության, կզրպարտեր անարատ և առաքինի թագուհուն, որին ինքը, Մարզպետունի իշխանը, շատ լավ էր ճանաչում. թե նա Վասակ իշխանի նման հայրենասեր մարդուն զուր տեղը կկալանավորեր` զրպարտելով նրան չգործած հանցանքների մեջ։

-Ի՞նչ բանի վրա ես մտածում այժմ, իշխան,-հարցրեց