Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հոգնած ես, շո՛ւնչ առ, հանգստացիր, հետո կխոսես,-հարեց նա, բայց առանց յուր հարցական հայացքը իշխանից հեռացնելու։

-Այստեղ եկել եմ միայնակ, մեծափառ տեր,- պատասխանեց Մարզպետունին, աթոռիկի վրա նստելով. -միակ թիկնապահս Աղստևից վերադարձրի Գարդման` Վահրամ բերդակալը յուր վանանդացի հավատարիմներով այստեղ հրավիրելու համար...։

-Ինչպե՞ս. Վահրամ բերդակա՞լը,-ընդհատեց թագավորը անհանգստությամբ. -ինչպես կարող է նա գալ այստեղ, ո՞ւմ պիտի հանձնե Գարդմանը. չէ՞ որ Սևադան նստած է այնտեղ յուր դղյակում և կարող է մեքենայություններ նյութել...։

Մարզպետունին սկսավ այնուհետև մանրամասն պատմել թագավորին յուր ճանապարհորդության պատմությունը` սկսած այն օրից, որ ինքը գարդմանացոց ձորում բաժանվել էր արքայից, մինչև այն վայրկյանը, որ վերադարձավ նորեն նրա մոտ։

Նա նկարագրեց երկրի դրությունը այնպես, ինչպես որ տեսել էր. հայտնեց Սևադա իշխանին և Ցլիկ-Ամրամին արած յուր այցելությունը, նրա նպատակը, տեղեկություններ տվավ ապստամբության արտաքին շարժառիթների, նրա ծավալման և ապստամբների ունեցած ուժի և ռազմական ծրագիրների մասին։

Միով բանիվ` հաղորդեց թագավորին այն ամենը, ինչ որ կարևոր էր նրան գիտենալ յուր առաջիկա արշավանքը հաջողությամբ պսակելու կամ վերահաս վտանգներից խուսափելու համար։ Բայց չհայտնեց նրան ոչինչ` ապստամրության ներքին շարժառիթների մասին։

Թագավորն ուշադրությամբ լսում էր իշխանին, առանց սակայն ամենափոքր դժգոհության նշույլ երևցնելու յուր դեմքի վրա։ Նա լսում էր այդ ամենն այնպես, ինչպես կլսեր ամեն մի սովորական և երկրի դժբախտության հետ ոչ մի կապ չունեցող պատմություն։

Բայց նրա ներսը հանգիստ չէր։ Իշխանը թեպետ չհայտնեց նրան Սևադայի կամ Ամրամի իրան հայտնած գաղտնիքները,