Էջ:Muratsan, vol. 4.djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բայց թագավորը գուշակում էր, որ Մարզպետունին գիտե անշուշտ մի բան այդ գաղտնիքներից, և որ նա խնամքով ծածկում է այդ իրանից։

Երբ վերջինս ավարտեց յուր պատմությունը, թագավորը վեր կացավ տեղից և սկսավ լուռ անցուդարձ անել վրանի մեջ։ Նրան հայտնի էին Ամրամի ապստամբության իսկական պատճառները, բայց հայտնի չէր այն, թե Մարզպետունին ի՛նչ չափ է ծանոթ այդ պատճառներին։ Ուստի ինքնիրան մտածում էր, թե արդյոք խոսե՞ այդ մասին իշխանի հետ, բանա՞ նրա առաջ հին վերքերը և դիմե՞ նրա մտերմական օգնությանը` այդ վերքերը սպեղանիով ծածկելու համար, թե՞ անվթար պահպանե դեռ յուր արքայական վեհությունը...

Առաջին դեպքում նա կունենար մի հավատարիմ խորհրդական, որ կօգներ իրան տագնապի ժամանակ թե՛ գործով և թե խորհուրդներով. իսկ երկրորդ դեպքում` նա ազատ կլիներ այն մտատանջությունից, թե նվաստացրել է իրան յուր ստորադրյալ մի պաշտոնյայի առաջ։

Նա հպարտ էր և անընկճելի։ Նա կարող էր կործանվել, բայց կուրանա՞լ-երբե՛ք. այդ պատճառով յուր երկար մտածություններից հետո նա եկավ դարձյալ այն որոշման, որի վրա էր և այդ մտածություններից առաջ, այն է՝ չխոսել գաղտնիքների մասին ոչինչ և աներկյուղ դիմավորել յուր ճակատագրին...

-Եվ այդպես. մենք ուրեմն վաղ առավոտ ճանապարհ կընկնենք դեպի Աղստև,-խոսեց թագավորը իշխանի հետ։ -Եթե ապստամբները չեն կամենում հոգնեցնել իրանց, պետք է այդ նեղությունը մենք հանձն առնենք։ Իմ հեծելազորը կարող է կռիվ մղել նաև հոգնած ժամանակ։

-Բայց և այնպես, պետք է խուսափել գաղտնի կամ անսպաս հարձակման ենթարկվելուց. անհրաժեշտ է հետամուտներ ուղարկել թշնամու շարժումը դիտելու համար,-նկատեց Մարզպետունին։

-Իմ հետամուտները վաղուց արդեն ապստամբների բանակումն են։ Նրանցից երկուսը երեք օր առաջ եկան և հայտնեցին, որ Ամրամի ծակամուտներն սպասում են ինձ