Էջ:Muratsan, vol. 4.djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մանավանդ որ բերդի շինությունները կպատսպարեին իրանց աշնանային գիշերվա ցրտից։ Մարզպետունին ու Վահրամ սեպուհն, ընդհակառակը վտանգավոր էին համարում այդտեղ գիշերելը, առարկելով, թե թշնամին կարող է գիշերանց գա և կրճի բերանը փակելով` բանտարկել իրանց բերդի կամ նույնիսկ ձորի մեջ։

Թագավորը համամիտ էր յուր հավատարիմների հետ. բայց կամենալով շնորհ անել օտար զինակիցներին և դրանով, նրանց ինքնասիրությունը գգվել, մանավանդ որ չէր կարծում, թե թշնամին կարող է գիշերանց յուր դիրքերը ձգել և իրանց դեմ արշավել, համաձայնեցավ եգերացի իշխանների հետ։

Սեպուհն ու Մարզպետունին չհակառակեցին արքային, բայց մի գաղտնի երկյուղ սկսավ անհանգստացնել նրանց։

Երեկոյան դեմ հեծելազորը հետզհետե կիրճը մտնելով, սկսավ դեպի ավերակ բերդը բարձրանալ։ Այդտեղ հասավ և թագավորը յուր և եգերացի իշխաններով։ Կիրճի բերանում թողեցին պահանորդների մի խումբ, որ անքուն պիտի հսկեր գիշերը և թշնամու մոտենալը նկատելուն պես իմաց տար իշխաններին։

Քիչ ժամանակից ետ ավերակ բերդը կենդանություն առավ։ Ամեն կողմ սկսան կրակներ վառել, խարույկներ բորբոքել. իսկ զորքը յուր ձիանը դարմանելուց հետո, սկսավ արքայի նվիրած ոչխարները փողոտել։ Պատերազմի նախատոնքը համեղ ընթրիքով կատարելու հրամանը տվել էր ինքը թագավորը։

Բացի այդ, նա կարգադրել էր, որ իշխանները յուր հետ միասին վայելեն ընթրիքը։ Նա ուրախ տրամադրության մեջ Էր, և այդ հանգամանքը համարում էր մոտալուտ հաջողության նշան։

Անցան ընթրիքի և զվարճության ժամերը, կրակները մարեցին և թագավորից սկսած մինչև վերջին զորականը ամենքն էլ քնո գիրկը մտան։ Անքուն էին միայն դետ կարգված պահապանները և թագավորի թիկնապահներից նրանք, որոնք հերթով պահպանություն էին անում արքայի վրանին։

Ավերակ բերդի շուրջը խոր լռություն էր տիրում։ Միայն կուրն սպառող ձիաների փռնչոցը կամ միմյանց ընդհարվող