Էջ:Muratsan, vol. 4.djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նիզակների թափը ցրեցին դիմադրողներին։ Հանդիպող շարքերից անցան նրանք ինչպես հողմ և մտան կրճի բերանը։ Եգերացիք նոր իմանալով, որ իրանց գունդը ճեղքողը ինքը թագավորն էր, սկսան վայրենի աղաղակով նրա ետևից ընկնել։ Թագավորը և յուր թիկնապահները նույնպես սկսան գոռալ, երբ հասան ապստամբների գնդերին։ Վերջիններս հանկարծակիի գալով այս բազմատեսակ աղաղակներից, կարծեցին, թե եգերացիք են հարձակվում իրանց վրա. ուստի շփոթված և իրար կոխկրտելով` սկսան դեպի բանակը փախչել։

Թագավորն օգուտ քաղեց այդ խառնակությունից։ Թիկնապահների հետ միասին աջ ու ձախ հարվածելով և հորձանքի նման հանդիպակացները խորտակելով` կտրեց-անցավ նա կրճի բոլոր երկարությունը, ճեղքեց վերջին պահանորդ խումբը և ընդարձակ դաշտը դուրս գալով նույնիսկ Ամրամի բանակի առջևից` սլացավ ինչպես կայծակ և անհայտացավ հովտի մթության մեջ։

Հազիվ մի ժամից ետ հայտնի եղավ ապստամբներին թագավորի փախուստը։ Սևորդյաց և եգերացոց իշխանները մնացին ամոթահար, իսկ Ցլիկ-Ամրամը և ափխազաց Բեր իշխանը զայրույթից գրեթե կատաղեցին։

Հետևյալ առավոտ ապստամբների զորքը խուժեց դեպի ավերակ բերդը։ Եգերացիներից խլեցին նրանց բոլոր զենքերը և միայն ձիաներն իրանց տալով` արձակեցին։ Իսկ սակավաթիվ հայ հեծյալներին ձեռնամուխ չեղան, որովհետև Գևորգ Մարզպետունին և Վահրամ սեպուհը խնդրեցին Ամրամին` թշնամաբար չվարվել յուր եղբայրակիցների հետ։ Ամրամը, թեպետ թագավորի դեմ զայրացած, այսուամենայնիվ, հարգեց նրա իշխանների խնդիրը և նրանցից բաժանվեց առանց գժտության։

———————