ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ
Ա
ԱՅՐԻՎԱՆՔՈՒՄ
Այս հրաշակերտ վկայարանը, որ ամփոփում էր յուր մեջ հայ ազգի կռապաշտական և քրիստոնեական կենաց բազմադարյան հիշատակարանները և որ երկար ժամանակ հարգվել էր այդ ժողովրդիդ թե՛ իբր դիցական պաշտպանած վեհավայր և թե՛ ինչպես քրիստոնեական կրոնի սրբարան, գտնվում էր ժայռապատ Գեղարդասարի լանջին, Գառնո ամրոցի հյուսիս-արևելյան կողմը։ Նրա առջևից հոսում էր Ազատ գետի երկրորդ վտակը, որ հսկայակերպ դարևանդներից իջնելով շառաչում էր քաղցրակարկաչ և յուր ախորժալուր աղմուկով ահավոր ձորն ու շրջակաները լցնում։ Նախաջրհեղեղյան սասանությունները երկրի ծոցից հրահոսան հեղեղներ ժայթքելով` կազմակերպել էին այստեղ խոշոր, քարակարկառ բլուրներ, ահավոր ամբարտակներ, միապաղաղ ժայռերի անհեթեթ զանգվածներ, բազալտյան սյունաձև բուրգեր, որոնք միմյանց հաջորդելով կամ իրար վրա ամբառնալով` շրջապատում էին Այրիվանքը և անհարազատ այցելուների համար դարձնում նրան անմատչելի։ Բնությունը կարծես յուր զորավոր ձեռքով տիտանական լեռների ավերակներն մի ժողովելով` միացրել էր այստեղ սքանչելին և ահավորը` տկար մահկանացուին յուր անհաղթ զորությունը ցույց տալու համար։