Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այստեղ, հսկայակերպ լեռան ծոցում, միապաղաղ ժայռերի մեջ փորված էին հին ժամանակներից բազմաթիվ այրեր, խուցեր ու մատուռներ, շրջապատած պարիսպներով և հզոր աշտարակներով։ Դրանցից ոմանք ծառայում էին մի օր հայ թագավորներին իբր արքայական գանձարան, իսկ ոմանք իբրև աղոթից տուն կամ զոհաբերությանց տաճար։

Քրիստոնեության սուրբ նշանը տնկեց այստեղ առաջին անգամ ինքը Լուսավորիչը, խափանելով, անշուշտ, հեթանոսական պաշտամունքները։ Այդ նշանի հովանվույն ներքո ժողովվեցան բազմաթիվ անապատականներ, որոնք Այրիվանքը դարձրին խաղաղության և ճգնության օթևան։

Այստեղ հանգիստ որոնեց Հայաստանյաց բարերար մեծն Ներսեսը, անշուշտ, հայրենիքի բարօրության համար գործ դրած երկարամյա աշխատություններից հետո։ Այստեղ առանձնացավ նրա արժանավոր որդի մեծն Սահակ` յուր վաթսուն խարազանազգեստ աշակերտներով, ազգի լուսավորության գործը ժայռերի ծոցում դարբնելու համար։

Մեր նկարագրած ժամանակում նույնպես գտնվում էր այստեղ հոգևոր հայրերի հարուստ միաբանություն, որ բարեկարգել ու ծաղկեցրել էր Այրիվանքը։ Այդտեղ էր այդ ժամանակ և հայոց հայրապետը` Հովհաննես կաթողիկոսը, որ արաբացոց ոստիկանի հետապնդությունից վախենալով` թողել էր Դվնո կաթողիկոսարանը և յուր հավատարիմ պաշտոնյաներով ու հայրապետական գանձերով ապաստանել Այրիվանքի ամրություններին։

Երկու օր էր, ինչ լուր էին բերել հայրապետին, թե Նսըր ոստիկանը, որ Յուսուփից հետո տեղակալ էր կարգված և որ մինչև այն նստում էր Ատրպատականում, հասել է արդեն Նախիջևան և հառաջանում է դեպի Դվին։ Ոստիկանին հայտնի էին հայոց թագավորի անհաջողությունները, հայ իշխանների խռովությունները և երկրի անտերունչ դրությունը։ Եվ ահա` նա շտապել էր օգուտ քաղել հաջող հանգամանքից։

Կաթողիկոսն իմացավ, որ Նսըրը հետամուտ է կաթողիկոսարանը և նրա կալվածքները գրավելու, իսկ այդ նպատակին հասնելու համար նախ կցանկանար ձեռք ձգել իրան կաթողիկոսին և հայրապետական գանձերը հափշտակել և