մեջ և որ կառավարում է մեր սիրտն ու հոգին,-պատասխանեց վարդապետը խաղաղ ձայնով։
-Անշուշտ նա է պատվիրողը,-հարեց Դռան եպիսկոպոսը,-եթե ճշմարիտ է, որ ծառի տերևը չի շարժվում առանց նրա կամքին, ապա այս սրբազան ակմբի մեջ խոսողը նույնպես ներշնչված է նրա զորությամբ։ Աստված կամենում է, որ վեհափառ հայրն ապրե յուր ուխտի հետ և մասնակցե նրա ուրախության ու վշտերին։ Ո՞վ կարող է հակառակել նրա կամքին։
-Ես չեմ հակառակում,-ասաց կաթողիկոսը։— Ես կամենում էի, այո՛, գիշերն օգնության առնել ինձ և թշնամուց անտեսանելի կերպով հեռանալ, բայց հենց այդ գիշերվա շնորհիվ իմ ուղևորությունն արգելվեցավ։ Ուրեմն ես կմնամ։ Այն սրբությունները, որոնց ես կամենում էի թշնամու հափշտակությունից ազատել, իրանք ուրեմն թող պաշտպանեն իրանց։ Եվ եթե Աստծուն հաճելի լինի իմ հեռանալը, նա պայծառ արևի ժամանակ էլ գիշեր կստեղծի ինձ համար։
Այս ասելով կաթողիկոսը հեռացավ յուր հանգստարան: Իսկ Դռան եպիսկոպոսը նոր բանբեր ուղարկեց Գառնի` հայտնելու համար բերդապահին` չսպասել այլևս կաթողիկոսի գալստյան։
Հետևյալ առավոտ, շատ վաղ, կաթողիկոսը խորհրդի հրավիրեց յուր մոտ միաբանության գլխավորներին, որպեսզի նրանց հետ միասին հագարացիների հարձակման դիմադրելու կամ հարձակվողների հափշտակությունից վանական ու հայրապետական հարստություններն ազատելու մասին խորհրդակցե:
Որոշվեցավ նախ բոլոր մեծագին իր իրեղենները, եկեղեցական սպասներն ու սրբությունները և մանավանդ Սուրս Գրոց ու այլ մատենից ժողովածուները ծածկել հեռավոր և խավարչտին այրերի մեջ։ Երկրորդ` բոլոր միաբանության մասնակցությամբ կատարել թափոր և ապա մնացորդ օրը անցնել աղոթքով ու հսկումով, որպեսզի աստված խնայե անպաշտպան միաբանությանը և չմատնե նրան յուր թշնամու ձեռքը։
Եվ, արդարև, անապատականների այս ընկերությունը