Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թաքչելուց ու աղոթելուց զատ չուներ պաշտպանության մի այլ զենք: Թագավորն զբաղված էր ապստամբ իշխանների հետ կռվելով, իսկ զորք ունեցող իշխաններն ամրացած էին իրանց բերդերում։ Այդ պատճառով վանքերն ու միաբանությունները մնացել էին անպաշտպան։ Թշնամու երեսից փախչող խուժանը, որ չէր վայելում արքունական զորաց կամ որևէ իշխանի պաշտպանությունը, խուճապելով խռնվում էր դարձյալ այդ վանքերի մեջ և այդպիսով ավելի ևս ծանրացնում միաբանության դրությունը։ Որովհետև վերջինս ստիպված էր լինում ոչ միայն նրանց պաշտպանելու, այլև կերակրելու հոգսն ստանձնել, որ շատ անգամ կապված էր լինում մեծամեծ դժվարությունների հետ:

Աշնանային գեղեցիկ առավոտ էր։ Վճիտ և անամպ երկնակամարի վրա սահում էր արևի հրափայլ գունդը, կարծես, ավելի լուսավոր և ավելի ճառագայթարձակ, քան ուրիշ օրեր: Գեղա լեռան լանջերն ու բարձունքները, որոնց վրա թոշնել ու դեղնել էին արոտն ու թավուտը` վառվում էին արդեն երփներանգ գունով։ Այրիվանից ժայռերը, բուրգերն ու ամբարտակներում, որոնք իրանց քարեղեն կրծքում սեղմում էին, կարծես, տխուր մենաստանը, ազատվում էին հետզհետե ժայռապատ լեռան ստվերներից, և առավոտյան անուշ հովերը, որոնք Գեղա լեռան լանջերը քերելով` մտնում էին Այրիվանից ձորը` Ազատի ալիքները համբուրելու համար, մեղմում էին արևի տապը, որ սկսում էր արդեն զգալի դառնալ այդտեղ: Մենաստանի շուրջը բուսած ծառերի և կարկաչահոս գետի ակունքը հովանավորող թուփերի մեջ սկսել էին թռչուններն իրանց վաղորդյան ճռվողյունը, որ խառնվելով գետի քաղցր խոխոջի հետ, լցնում էր շրջապատը մի ախորժալուր աղմուկով:

Եվ ահա վիմափոր տաճարի դռներից դուրս եկան սպիտակազգեստ դպիրները անդաստանի քաղցրանվագ շարակապը երգելով։ Նրանց հետևում էին ուրարակիրները, սարկավագները, աբեղաների խումբը, վարդապետները և վերջապես բարձրաստիճան եպիսկոպոսները, շրջապատած վեհափառ հայրապետին: Նրա առջևից դեմ առ դեմ գնում էին երկու սարկավագներ, արծաթե բուրվառները ձեռքներին,