Էջ:Muratsan, vol. 4.djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որոնք և շարունակ խնկարկում էին կաթողիկոսին։ Սկսած աբեղաներից մինչև եպիսկոպոսները` ամենքն էլ ծածկած էին սև փիլոններ, որովհետև ոսկեթել շուրջառները և այլ թանկագին սպասները թաքցրել էին արդեն այրերի մեջ։ Միայն կաթողիկոսն էր կրում սպիտակ, ոսկեթել շուրջառ, որ մի առանձին շուք ու վայելչություն էր տալիս նրա բարձր ու գեղապատշաճ հասակին և քաղցր ու բարի դեմքին, որ զարդարված էր սպիտակափառ և կուրծքը հովանավորող մորուսով։

Հասնելով վանքի պարսպապատի մեջտեղը, շրջան կազմեց միաբանությունը թափորն սկսելու համար: Բայց հազիվ սկզբնական աղոթքները կարդացին և գրքերի ընթերցումը սկսան, ահա՛ երկնքի վրա կատարվելիք մի հրաշքի նշանները երևացին։ Լուսավոր երկնակամարը գորշ֊կանաչագույն ստվեր առավ յուր վրա։ Նրա մեջ, զանազան կետերում, սկսան աստղեր նշմարվիլ։ Օդի մեջ հանկարծ ցրտություն տիրեց և քամին ընդհատ կերպով սկսավ շառաչել։ Թռչունները, որոնք մինչև այն ուրախ ու զվարթ ճռվողում էին, ձայներին քաշեցին և սկսան վախեցած այս ու այն կողմն ընկնել։ Թափոր կազմող միաբանությունը պաշարվեց բնազդական մի երկյուղով և գիրք կարդացող վարդապետն զգաց, որ յուր աչքերի տեսությունը նվազում է։

Հանկարծ կաթողիկոսը ձեռքերը դեպի երկինք բարձրացնելով բացականչեց.

-Ո՛վ ահավոր և ամենակարող աստված, ի՞նչ հրաշք է այս, որ ցույց ես տալիս դու քո արարածներին...

Բոլորը կարծես այդ ձայնից զարհուրած դեպի վեր նայեցին և սարսափելով տեսան, որ արևի պայծառ գունդը կիսով չափ ծածկվել է ստվերով և հրավառ սկավառակը խավարում է արդեն[1]

Մի քանի րոպեից տվնջյան պայծառ լույսը խավարեց բոլորովին։ Ամենքն մնացին սառած և միայն երկյուղի ու

  1. «Եւ իրրև խաւար գիշերին ի բաց եղեալ և լոյս առաւօտին ծագեցաւ, յանկարծակի յական թօթափել դարձեալ խաւար գիշերային զմեօք արկաւ. ընդ որս առհասարակ սքանչացեալ մեր` տեսաք զի խաւարեալ էր արեգակն յառաոօտին պահու։ Եւ ապա ըստ ընտրողութեան իրին խորհրդածեալ, եթե ոչ է ժամանակ խաւարելոյ արեգականն` իմացաք հաւաստի նշամ բացերևակի մեզ ի Տեառնէ Աստուժոյ ցուցեալ: Եվ այնուհետև շտապ եղբայրութեանն հասարակաց ստիպէր զիւրաքանչիւրն ի բաց գնալ ի սպառնալեաց փորձութենթ անտի»