Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չունես, արժանի չես զորապետի անվան։ Աստված կպատժե քեզ մի օր, վախեցիր նրա բարկությունից։

Բեշիրը դեռ չէր պատասխանել, որ մի ծանր սրի հարված իջավ աբեղայի գլխին և նա արյունաթաթախ գլորվեցավ գետին։

Գազան զորականը, որ այդ հարվածն իջեցրավ, արժանացավ զորապետի գովության։

-Այսպիսի հարված կստանաք ամենքդ, եթե կհամառեք գանձերի տեղը ծածկել,-սպառնաց Բեշիրը.-հայտնեցեք ինձ ամեն ինչ ճշտությամբ, և դուք կազատվիք մահից:

-Մենք չենք մատնիլ ձեզ` ո՛չ մեր եղբայրներին և ո՛չ մեր սրբությունները. արեք մեզ հետ ինչ որ հաճելի է ձեզ,-պատասխանեց մի ուրիշ վանական։

-Դո՞ւ էլ նույնն ես կրկնում, երիտասարդ կրոնավոր,-դարձավ Բեշիրը Մովսես վարդապետին։

-Այո՛, տեր, մատնությունը գարշելի գործ է և մեզանից ոչ ոք չի մատնիլ ձեզ ոչինչ։ Ծածկված մարդիկը մեր եղբայրներն են, ծածկված իրերը` մեր սրբությունները կամ ժողովրդի գույքը։ Մենք նրանց ձեզ հանձնելու իրավունք չունինք։ Մեր սեփականը, ահա՛, այս մարմինն է. դուք կարող եք նրան անշնչացնել, բայց ընկճել մեր հոգին` երբե՛ք։

-Տարեք, տանջեցեք այս մարդկանց ամենասոսկալի տանջանքներով, մինչև որ նրանք կհայտնեն ձեզ ծածկված գանձերի տեղը,-հրամայեց զորապետը և հեռացավ։

Նրա գլխում շարունակ պտտվում էր այն միտքը, թե Այրիվանքը մեծ գանձեր ունի և ինքը պիտի հափշտակե նրանց։ Վանականների համառությունն է՛լ ավելի էր գրգռում նրա ախորժակը։

Բայց վերջինները համառում էին գլխավորապես այն պաաճառով, որ այն ծածկարաններում, ուր վանքի և կաթողիկոսի գույքերն էին զետեղված, պատսպարված էին և շատերը իրանց կարգակիցներից։ Իրեղենների տեղը հայտնելով` պիտի մատնեին նրանք և թաքնված մարդկանց, որոնց և թշնամու սուրն անխնա պիտի ջնջեր։ Այս պատճառով ավելի լավ համարեցին միայն իրանք զոհվել, քան իրանց եղբայրներին էլ մասնակից անել մահվան: