Էջ:Muratsan, vol. 4.djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իսկ այս ընդհանուր անշարժության ժամանակ Նսըրն եկել, գրավել է Դվինը և յուր ասպատակները սփռել ամեն կողմ... էլ ի՞նչ ունինք մտածելու. կործանենք ուրեմն արքայական գահը և գնանք խոնարհենք արաբական դրոշակի առաջ...։

Մարզպետունին յուր խոսքերն արտասանեց այնպիսի մի բացականչությամբ, որ թագուհին ցնցվեցավ։

-Ի՞նչ է իմ անելիքն, իշխան,-հարցրեց նա ճնշված ձայնով։

-Գործելու օրինակ տալ նրանց, որոնք նստած են անգործ։

-Իմ սիրտն այնքան հուզված և միտքս այնպես խռոված է, որ ոչինչ գուշակել չեմ կարող։ Ասա՛ պարզ` ի՞նչ է իմ անելիքը։

-Ես վերադարձել եմ այստեղ Գարդմանա բերդակալ Վահրամ սեպուհի հետ։ Մեզ հավատարիմ մնացող իշխանների մեջ դա ամենից անձնվերն է. աչքի առաջ ունենալով մեր արդի ճգնաժամը, մենք որոշեցինք սեպուհի հետ միասին դիմել ամրոցաբնակ իշխաններին և ամեն մեկից մի կամ երկու գունդ զորք առնելով բանակ կազմել և դաշտն իջնել։ Ինչպես գիտես, բերդերի մեջ եղողներն ապահով են թշնամու հարձակումից, բայց անամրոց քաղաքները, գյուղերն ու ավանները մնացել են անպաշտպան. երկրի ժողովուրդը գտնվում է ուղղակի մերկ սրի առաջ. պետք է շտապել օգնության հասնելու նրան։

-Ես չեմ խանգարում ձեզ. գնացեք, աստված թող օրհնե ձեր ճանապարհը։

-Աստված կօրհնե. նա մեզ կաջակցե. բայց ամենից առաջ թագուհին պիտի զրկվի յուր մի քանի վաշտերից։

-Ի՞նչ, դու կամենում ես Գառնին յուր պահակներից զրկե՞լ։

Քանի որ մեր բանակի նպատակն է թշնամու ուշադրություն էր յուր վրա դարձնել, Գառնին կամ մյուս բերդերը պաշտպանության մեծ կարիք չեն ունենալ։

-Թշնամու զորությունը մեծ է. նա կարող է միաժամանակ թե՛ ձեզ հետ կռվել և թե՛ բերդերը պաշարել։