Էջ:Muratsan, vol. 4.djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-Նա այդ չի կարող անել. մենք թույլ չենք տալ նրան,-պատասխանեց իշխանը վստահաբար։

Թագուհին լռեց և սկսավ մտածել. «Կատարե՞լ արդյոք իշխանի խնդիրը, թե՞ ոչ»։

Մի քանի վայրկյանից ետ նա հարցրեց.

-Ուրիշ ումի՞ց հույս ունիս զորք առնելու։

-Սպարապետից, Աբասից, Սյունյաց տերերից, Անձևացիներից...

-Իսկ եթե նրանք մերժե՞ն։

-Եթե թագուհին առաջին օրինակը չտա, ոչ ոք չի համարձակվիլ:

-Ես չեմ մերժում. դատարկիր թեկո՛ւզ բոլոր Գառնին,-վճռաբար պատասխանեց թագուհին։

Իշխանը խոր գլուխ տալով շնորհակալություն հայտնեց նրան։

Ապա իրավունք խնդրելով` հրավիրեց դահլիճ Վահրամ սեպուհին, որին թագուհին ընդունեց սիրով ու քաղցրությամբ։ Նրանք երեքը միասին սկսան խորհուրդ անել ապագա ձեռնարկության համար և գործելու եղանակները որոշել։

Տակավին խորհրդակցության մեջ էին նրանք, երբ սենեկապան սպասուհին ներս մտնելով` հայտնեց թագուհուն, թե կաթողիկոսը կամենում է ներկայանալ իրան։

-Թո՛ղ շնորհ բերե,-ասաց թագուհին և ապա իշխաններին դառնալով ավելացրեց.-անշուշտ վեհափառն էլ կօգնե մեզ մի խորհրդով։

-Անշուշտ,-հարեց Վահրամ սեպուհը։

Բայց Մարզպետունին չպատասխանեց։ Նա նկատել էր, որ սպասուհին ներս մտավ դահլիճ այլայլված դեմքով և այդպես էլ դուրս գնաց։ Երևի կաթողիկոսը գալիս էր հայտնելու մի տխուր նորություն, որ հայտնի էր արդեն դրսում եղողներին։ Նա սկսավ անհանգստանալ։ Բայց այդ անհանգստությունը ոչ թե յուր, այլ թագուհու համար էր։ Նա վախենում էր, թե միգուցե վեհափառը հայտնե տիկնոջը այնպիսի մի նորություն, որ իսկապես պիտի ծածկվեր նրանից։

-Հրամայի՛ր մեզ, տիրուհի, ընդառաջել հայրապետին,-ասաց Գևորգ իշխանը տեղից վեր կենալով։ Նա կամենում էր