ներշնչում իմ հոգուն այն բարձր զորությունը, որով կարծում եմ, անպարտելի պիտի մնամ ես թշնամու առաջ. այն զորությունը, որ հասարակ արարածին հերոս և աննշան զինվորին՝ դյուցազն է դարձնում...։ Իմ թագուհու համար ես կարող էի լինել անձնվեր հպատակ. մեր մայրերի համար՝ անձնազոհ որդի, ժողովրդի և հայրենիքի համար՝ աներկյուղ զինվոր։ Բայց քեզ համար... չգիտեմ, ի՛նչ անուն տամ ինձ... Քեզ համար չեմ զոհիլ իմ անձը... բայց չէ՛. ի՞նչ եմ ասում, իհարկե կզոհեմ. նույնիսկ իմ հոգին կմատնեմ գեհենին, եթե այդ հարկավոր է... Բայց ես չեմ մեռնիլ, որովհետև պիտի ապրեմ քեզ խնամելու և պաշտպանելոլ համար։ Ինձ թվում է, որ եթե հագարացիների ամբողջ բանակը անգամ հարձակվի ինձ դեմ քեզ իմ գրկից հանելու համար` դարձյալ անզոր պիտի լինի ինձ հաղթահարելու։ Երբ մտածում եմ, թե Շահանդուխտը այստեղ Գառնիում է, և նա հույս ունի իմ պաշտպանության վրա, կարծես առյուծ է ծնվում իմ սրտի մեջ, բազուկներս դառնում են երկաթ։ Ինձ թվում է, թե ամեն խոչ ու խութ պիտի կործանեմ, ժայռ ու ամբարտակ փշրեմ, տապալեմ, եթե համարձակվին երբևիցե արգելեն ինձ քեզ պաշտպանելու... Այո՛, ուզում եմ ապրել միայն քեզ համար, և սիրում եմ ամենքին՝ միայն քո պատճառով...
-Միայն իմ պատճառո՞վ... Օ՜, Գո՛ռ, չէի կամենալ, որ այդպես խոսես դու... Մի՞թե սինլքոր արարածին մինը պիտի դառնայիր, եթե ես չլինեի....
-Ա՜խ, ոչ. այդ չէի կամենում ասել...
-Հապա ի՞նչ։
-Կամենում էի ասել, որ քո սերը կրկնապատկում է իմ մեջ ամեն բան` և՛ ապրելու իղձը, և՛ հոգվո արիությունը, և՛ սրտի կորովը, և՛ դեպի իմ եղբայրակիցներն ու հայրենիքն ունեցած սերը... Քեզնով աշխարհը երևում է իմ աչքին վարդալիր, արևն՝ ավելի հրատապ, լուսինը՝ ավելի պայծառ... Դու ամեն ինչ ես ինձ համար՝ և՛ կյանք, և՛ գանձ, և՛ զորություն, և՛ փառք...
«Ո՜հ, բավական է, էլ ոչինչ չեմ ուզում լսել... Անշուշտ մի չարության ոգի առաջնորդեց ինձ այստեղ իմ ծանր վերքերը