Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կամ ձյութի մեջ թաթախում։ Զորքն այդ ամենը փոխագրում էր պարիսպների կամ աշտարակների վրա։ Ամեն տեղ աշխատանքը եռում էր. ամենքն էլ մասնակցում էին մի որոշ գործի։

Երեք օրից ետ վերջապես թշնամին նորեն սկսավ մոտենալ և առաջ վարել ռազմական գործիները։ Մի հարյուր հոգի զբաղված էին տափարակ ու լայնագիր կրիան գլանների վրա գլորելով. մի հարյուրը առաջ էր վարում անիվների վրա հաստատած եռհարկյան աշտարակը։ Մի խումբ բերում էր բաբանն ու խոյը, մի ուրիշը պալիստրները, մի երրորդը` ջրով լի տիկերը, որոնցով պետք է պարիսպներից թափվող կրակը հանգցնեին, իսկ զենք շարժող զորականն սկսում էր ամրոցհ շուրջը պատել։

Այդ միջոցին Բյուրականի եկեղեցում հանդիսավոր պատարագ էր մատուցում Սահակ եպիսկոպոսը։ Ժողովրդի հետ միասին գտնվում էր եկեղեցում նաև զորքը։ Նա եկել էր վերջին անգամ պատարագ տեսնելու, վերջին անգամ յուր սուրբ նախահարց հոգեբուխ երգերը լսելու և Փրկչի կենարար մարմնին ու արյանը հաղորդվելու։

Բացակա էին միայն պահնորդ զորքերը, որոնք հսկում էին ամրոցի դռներին և թշնամու շարժմանը։

Զորքին հաղորդություն տալուց առաջ Սահակ եպիսկոպոսը խոսեց նրա հետ բեմի վրայից.

-Չորս հարյուր յոթանասուն տարի առաջ, ով իմ սիրելի զավակներ, պատրաստվեցան թշնամու հետ կռվելու Վարդանանց քաջերը։ Նրանք էլ ձեզ նման նախ աստուծո օգնության և ապա իրանց բազկի զորության դիմեցին։ Նրանք էլ աշխարհային փառքի կամ անձնական շահու համար չէին կռվում, այլ հայրենիքի և եկեղեցու ազատության համար: Ինչպես այսօր, այնպես էլ այն ժամանակ, թշնամին կամենում էր այդ ազատությունը խլել, հայ ազգն ստրկացնել, բայց Վարդանանց քաջերը թույլ չտվին նրան այդ անելու։ «Ավելի լավ է ազատ մեռնենք, քան ստրուկ ապրենք», ասացին նրանք և անկեղծ սրտով հարձակվեցան թշնամու դեմ, որ կրկնապատիկ զորավոր էր իրանցից։-Չվախենաք հեթանոսների բազմությունից, մահկանացուի ահավոր սրից,-