Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հասավ, թե Բեշիրը Բյուրականն առել, ավերել և բնակիչներին սրի է անցըրել։

Այդ լուրը ծանր տպավորություն արավ իշխանի վրա։

Ուրեմն ավերումն սկսավ և մենք չկարողացանք դրա առաջը առնել...-մտածեց նա և խորը հառաչեց։

Դղյակի լուռ և մենավոր մի առանձնասենյակում ճեմում էր նա տխուր և մտախոհ։ Հիշում էր մի քանի ամսից ի վեր յուր գործ դրած ջանքերը, անխոնջ աշխատությունները՝ բաժանված ու պառակտված ուժերը միացնելու, երկիրը օտարի բռնությունից, իսկ գահը կործանումից ազատելու համար... հիշում էր նաև յուր կրած անհաջողությունները, և հուսահատությունը պաշարում էր նրան։

Բայց չէ՞ որ այդ զգացմունքն անծանոթ էր մինչև այդ Մարզպետունի իշխանին։ Չէ՞ որ նա հավատում էր Քրիստոսի այն խոսքին, թե «որ հայցէ՝ գտանէ, որ բաշխէ՝ բացցի նմա...»։ Իսկ ինքը շարունակ հայցեց և, սակայն, ոչինչ գտավ, բոլորի դուռը բախեց և ոչ ոք բացավ նրան...։

«Ուրեմն աստված կամենում է, որ այս ազգը կորչի, որ նրա հիշատակը երկրի երեսից ջնջվի...։ Այո՛, և այդ է պատճառը, որ նա իշխանների սիրտը կարծրացրել, թագավորին մոլորեցրել, թագուհուն վհատեցրել է...։ Թողնենք ուրեմն ամեն ինչ բախտի կամքին, հեռանանք, քաշվենք մենք էլ մի անկյուն, և տեսնենք թե աստված ինչպես է պատժում այս ապաբախտ ու նահատակ ժողովրդին...»։

Այս հուսահատ մտքերի մեջ էր իշխանը, երբ սեպուհը մտնելով հայտնեց նրան մի ուրիշ նորություն։

-Սյունիքից դարձող մի զինվոր տխուր լուր է բերել մեզ,-ասաց նա Մարզպետունուն։

-Տարօրինակ կլիներ, եթե ուրախ լուր բերեր, որովհետև չենք սպասում նրան,-նկատեց իշխանը տխուր ժպտալով.-ի՞նչ է հայտնում զինվորը:

-Թագավորը Կաքավաբերդից հեռանալով՝ եկել, նստել է Սևան...։

-Սևա՞ն,-զարմանալով հարցրեց Մարզպետունին։

-Այո՛, Սևան, և որոշել է չելնել այլևս այնտեղից։

-Իսկ թագուհի՞ն։