Սեպուհը ճանաչելով իշխանի բնավորությունը, հետամուտ չեղավ ավելի հարցուփորձելու. բայց հետաքրքրությամբ սպասում էր նրա վաղվա հայտարարության։
Հետևյալ առավոտ, իշխանի հրամանով, ժողովվեցան Տրդատա հովանոցի առաջ Գառնիում գտնվող բոլոր զորքերը իրանց պետերով ու առաջնորդներով։ Այստեղ հավաքվեցավ և Գառնու ժողովուրդը յուր հոգևորականներով։ Եկան և բազմեցին հովանոցում նաև դղյակի իշխանազուն տիկնայքն ու երիտասարդները։ Միով բանիվ, Գառնին ամբողջապես ամփոփվեցավ արքայաշեն հովանոցի առաջ գտնվող հրապարակում, իսկ դղյակը` հովանոցի մեջ։
Մարզպետունի Գևորգ իշխանը հագած էր այդ օրը տոնական զգեստ և զրահավորված ամբողջապես։ Նա ծածկած էր պողպատյա, արծաթազարդ սաղավարտ, սպիտակ ցցունքով և նախարարական զինանշանով, հագած էր պողպատյա վերտ, պղնձյա, փայլուն լանջապանակով և նույնպիսի բազպաններով, սրունքներին ամրացրած երկաթահյուս զանկապաններ և ոտքերին կարմիր, երկաթագամ կոշիկ։ Ծանր, ոսկեպատ սուրը, որ քարշ էր ընկած նրա կողքից, լրացնում էր իշխանի զինվորական զարդարանքը։ Եվ այդ ամենի մեջ նրա բարձր ու թիկնավետ հասակը՝ գեղեցիկ և պատկառելի դեմքով, իմաստուն և թափանցող հայացքով, հպարտ և շնորհալի շարժվածքով երևում էր ավելի հրապուրիչ՝ քան ուրիշ օրերն առհասարակ։
Երբ ամենքը իրանց տեղերը բռնեցին, իշխանն առաջացավ դեպի հովանոցի սյունաշարը և աստիճաններից վերնագունի վրա կանգնելով, բարձր ու խրոխտ ձայնով խոսեց:
-Ազնիվ իշխաններ և իշխանուհիք, սիրելի զինակիցներ և ժողովուրդ։ Անցան ահա մի քանի ամիսներ, հորմեհետե թագավորը բացակա է Ոստանից։ Ապստամբ իշխաններին նվաճելու համար նա հեռացավ այստեղից, բայց որովհետև անհաջողության հանդիպեց, ուստի քաշվեցավ Կաքավաբերդ և սպասում էր իշխանների օգնության։ Ոչ ոք տեղից չշարժվեցավ, ոչ ոք յուր թագավորին չհիշեց։ Ինձ թվում էր, թե եթե մինը մեզանից հանձն առնե միջնորդի պաշտոն և