Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են այժմ այս աբեղացուները, որոնք սխալմունքով զինվորական են դարձել։ Այժմ ես կամենում եմ ապացուցանել, որ դուք ամենքդ էլ սխալվում եք։

Այս ասելով իշխանը սուրբ հանեց և մի քայլ առաջ անցնելով որոտաձայն գոչեց.

-Ահա՛ ես միայնակ դնում եմ հագարացոց դեմ, ո՞վ է այն քաջը, որ կկամենա ինձ հետ միանալ, թո՛ղ առաջ գա:

-Ե՛ս, հայր իմ-որոտաձայն գոչեց Գոռը և սուրը հանելով դիմեց դեպի նրան։

-Ի՛մ քաջ...-շշնջաց իշխանը և գրկախառնելով որդուն, որ հուզմունքից շառագունել էր, համբուրեց նրան ջերմագին։

-Եվ ե՛ս, տեր Մարզպետունի,-ասաց Վահրա՛մ սեպուհը և մոտեցավ նրան խաղաղ ժպտալով։

-Ազնիվ սեպուհը մի գունդ արժե ինձ համար-պատասխանեց իշխանը և ձեռքը պարզեց դեպի նրան։

-Եվ ես, տեր իմ, -խոնարհությամբ մոտեցավ Եզնիկը։

-Եվ մե՛նք,-առաջ անցան սեպուհի չորս թիկնապահները։

-Եվ ե՛ս... և մե՛նք...-այս խոսքերով հետզհետե մոտեցան իշխանին մի քանի գառնեցի, բասենցի և ոստանիկ զինվորներ։

Ընդհանուր թիվը եղավ տասնինը։

Վերջապես մոտեցավ Մուշեղ բերդակալը և գլխանոցը հանելով ասաց.

-Սպասում էի, տեր իշխան, որ ինձանից ավելի արժանավորները առաջ անցնեն։ Այժմ տեսնում եմ, որ քաջերի թիվը լրացավ՝ ընդունի՛ր ուրեմն ինձ ևս իբրև վերջին ծառա այս անձնվեր և քաջասիրտ խմբի, որ քո հրամանի և դրոշի տակ սլիտի կռվի։

-Արի՛, իմ սիրելի և հավատարիմ Մուշեղ, արի, տո՛ւր ինձ քո ձեռը։ Քո աջակցությունը թանկագին է ինձ, զի դու ծերացել ես կռիվների մեջ։ Անշուշտ աստված մեզ կօգնե հայրենիքի թշնամուն հաղթահարելու, քանի քեզ նման արդարներն ընկերակցում են մեզ։