Էջ:Muratsan, vol. 4.djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Սակայն այդ մտածմունքները չէին ցրվում. տանջող պատկերները չէին հեռանում, ընդհակառակը, անհայտանում էին բնության հանկուցիչ տեսարանները-ծովակը` յուր արծաթե ալիքներով, լեռները` իրանց խրոխտ գագաթներով, լուսինը, յուր մեղմ, աղոտ շողերով... Նույնիսկ անուշ զեփյուռը, որ ծովակի ալիքները քերելով` գալիս, գուրգուրում էր քարափի խոտերն ու ծաղիկները, ոչ մի զովություն չէր բերում նրան, ժայռերի ստորոտը կոծող ալիքների ձայնն անգամ չէր լսում նա, որովհետև յուր հոգին այդտեղ, Սևանում չէր. նա թռչում, թափառում էր հեռավոր տեղեր, հեռավոր գավառներ...

Եվ ահա՛ մի քանի քայլ հեռավորության վրա լսվեցավ մի թույլ քայլատրոփ։ Կարծես մոտեցողի կողմից մի գաղտնի զորություն եկավ, ցնցեց անծանոթին։ Նա, որ ոչինչ չէր զգում և ոչինչ չէր լսում, սթափվեցավ հանկարծ և գլուխը դարձնելով տեսավ, որ մոտենում է իրան շղարշով ծածկված մի կին։

-Ո՞վ է սա...-ձայն տվավ նա և ապա իսկույն ճանաչելով` վեր թռավ տեղից.-թագուհի՛, այս դու՞ ես...-հարցրեց մեղմ ձայնով։

-Այո՛, իմ սիրեցյալ թագավոր...-պատասխանեց վերջինս գրեթե շշնջալով։

-Այստե՞ղ... միայնա՞կ, այս գիշերաժամի՞ն...

-Մի՞թե միայնակ եմ ես... չէ՞ որ ինձ մոտ է Աշոտ թագավորը...։

-Բայց մինչև այստեղ գա՞լդ... Ո՞ւր են քո նաժիշտները։

-Ես ինքս ցանկացա միայնակ գալ այստեղ։ Կամենում էի անպատճառ քեզ տեսնել։ Մտա քո առանձնարանը, քո ննջարանը, ոչ մի տեղ չկայիր, բարապաններն ասացին... որ դու ամեն գիշեր զբոսնում ես այստեղ մի քանի ժամ... Ես այդ չգիտեի...։

-Այո՛. գեղեցիկ են այստեղի գիշերային տեսարանները... Բայց դու ինչու՞ կամենում էիր տեսնել ինձ անպատճառ... մի՞թե մի նորություն ունիս հաղորդելու։

-Նորությու՞ն... ո՛չ։

-Հապա՞։

-Կամենում էի քեզ տեսնել։