Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-Միակ սիրածս կինը աշխարհում...

-Օ՜, մի՛ արտասանիր նրա անունը,-բացականչեց թագուհին` գրեթե ճչալով։

-Այո, միակ սիրածս կինը-այդ Ասպրամ իշխանուհին է, Սևորդյաց նահապետի աղջիկը։

-Անսիրտ... անգո՜ւթ. ի՞նչ շահ ունիս ինձ տանջելուց... Ինչու՞ չես խղճում մի թշվառ, մի լքյալ կնոջ... չէ՞ որ ես մի օր քո ամուսինն էի...

-Կամենում եմ սիրտդ խոցոտելով` դժոխային ատելություն ծնեցնել նրա մեջ. այդ կարող է մեղմել իմ ծանրագույն վիշտը։

-Մի՛ հուսար... ես չեմ կարող քեզ ատել, իզուր տեղը մի՛ տանջիր իմ հոգին... Ասա՛ միայն ո՞րն է քո ծանրագուն վիշտը, ես հնար կգտնեմ նրան թեթևացնելու։

-Ավելի վատ։

-Մի՛ համառիր, իմ սիրեցյալ թագավոր, ամեն մի հիվանդություն ունի յուր դարմանը և ամեն մի վիշտ` յուր սփոփանքը։ Հարկավոր է միայն բժշկող ձեռք և սիրող սիրտ։

-Ո՞վ կարող է, օրինակ, բուժել այն հոգին, որ տանջվում է խղճի խայթերից։ Ո՞վ կարող է սփոփել այն մարդուն, որ ճանաչում է յուր հանցանքի ծանրությունը, չափում է նրանից հառաջացած չարիքի մեծությունը և գտնում է իրան անզոր ու անկարող այդ չարիքը դարմանելու...։

-Ամենքը սխալական են աշխարհում։

-Եվ ամենին կարելի է ներել...

-Հետևապես և քեզ։

-Մի՛ ընդհատիր ինձ. ամենքին կարելի է ներել, բացի նրան, որ կոչված է մարդկանց բախտը կառավարելու, որ պաշտոն ունի ժողովուրդ հովվելու, առաքինության օրինակ ու առաջնորդ հանդիսանալու... հասարակաց բարվույն ու երջանկության հսկելու...։ Ես այդպիսի մի պատասխանատու անձն էի. աստված ինձ պետ ու առաջնորդ էր կարգել այս ժողովրդյան։ Բայց միթե պատկառ մնացի՞ ես իմ կոչման, մի՞թե իմ սրբազան պաշտոնը չանարգեցի, մի՞թե բազմաթիվ չարյաց պատճառ չդարձա... Ո՞վ կարող է ինձ ներել, և ինչու՞ պիտի ներե։