Էջ:Muratsan, vol. 4.djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կսկսեին միայն ուխտի զինվորները, աշխատելով սակայն չփակել փախչողների ճանապարհը։

Գիշերից բավական անցել էր. առավոտյան աստղը ծագում էր արդեն և արևելքի մեջ խավարն սկսում էր լուսից բաժանվել։

Հագարացիների բանակը ընկղմված էր խոր քնո մեջ։ Կրակների վաղուց հանգել և շարժումն ու շշուկը դադարել էին։ Չեր լսվում նույնիսկ պահապանների քայլատրոփը։ Ըստ երևույթին ոչ մի երկյուղ չունեին նրանք հայերից։ Եվ ո՞վ պիտի համարձակվեր հազար մարդուց բաղկացած այդ բանակի հանգիստը վրդովել։ Նույնիսկ Բեշիրի վրանի առաջ պահապաններն անուշ խռմփում էին, երազելով անշուշտ Գեղա ամրոցի առումը, բնակիչների կոտորածը և գեղեցիկ հայուհիների գերումը...։

Հանկարծ հովտի մեջ որոտաց Մարզպետունու ձայնը.

-Հառա՜ջ, քաջերս, աստված մեզ օգնական...

-Կեցցե՛ Թագավորը,-գոռացին ուխտի զինվորները և հարձակվեցան։

Բլուրների վրա և լեռնալանջերում ամբոխն սկսավ գոռալ: Արձագանքը որոտաց հովտի մեջ, և բանակի վրանները սկսան վառվել։

Հագարացիք սարսափահար եղած դուրս թռան վրաններից, աղմուկն ու շփոթը տիրեց ամեն տեղ և ուխտի զինվորները իրանց կոտորածն սկսան։ Հետեզհետե վառվող վրանների լույսն ընկավ բլուրների վրա և երևան հանեց ամբոխի խմբերը, որոնք իրանց գոռույն-գոչյունով և զանազան շարժումներով նմանում էին այդ բարձրություններից իջնող ստվար բանակների։ Հագարացիք կարծելով թե շրջապատված են արդեն բազմաթիվ զորքերով, սկսան իրար կոտորելով փախուստ տալ դեպի Վեդիի հովտաբերանը. ամեն ոք աշխատում էր յուր անձը փրկել, ձի ունեցողը ձիով էր փախչում, հետևակը հետիոտն էր վազում, ամենքը թեպետ սրերը մերկացրած, բայց գրեթե ոչ ոք հարված չէր կշռում, այլ վահանը գլխին բռնած՝ հարվածներից ազատվիլ էր աշխատում։

Չնայելով որ Բեշիրը կատաղած դուրս թռավ վրանից, հեծավ իսկույն յուր ձին ու սկսավ գոռալ և կարգի հրավիրել