Էջ:Muratsan, vol. 4.djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զորքը, բայց լսող չկար: Կրակի և մթության խառնուրդում չէր որոշվում որո՛նք են հայերը և որո՛նք հագարացիք. Բեշիրին այնպես թվաց, թե մի հսկայական զորություն սեղմել է յուր գրկում հագարացոց բանակը. բայց և այնպես մի քանի թիկնապահների օգնությամբ նա սկսավ վանել յուր վրանի վրա հարձակվող քաջերին, որոնց թվում էր Գոռը։

Արի պատանին կամենալով հաղթության պսակներից թանկագինը գրավել, խիզախել էր մինչև զորապետի վրանը։ Հսկա հագարացին ահագին սուրը բարձրացրած պատրաստվում էր յուր հարվածը կշռել պատանու գլխին, երբ Մարզպետունի իշխանը, որ աչքից չէր թողնում քաջ որդուն, ետևից որոտաց.

-Թշվառական, ու՞մն ես հարվածում։

Այս ասելով նա պողպատիկ սուրը իջեցրեց Բեշիրի զրահապատ թիկունքին այնպես սաստկագին, որ նա սասանելով գլորվեցավ ձիուց։ Իշխանն առաջ վարեց նժույգը նրան կոխկրտելու համար, բայց Բեշիրի թիկնապահները յուր դեմն արձանացան և նա ստիպված էր յուր սրի հարվածները նրանց գլխին իջեցնել։

Բեշիրը, չնայելով յուր հաղթանդամ հասակին, ճարպկությամբ դուրս սողաց խռնված մարտիկների միջից և մահը իրան հետամուտ տեսնելով, արագությամբ աշտանակեց թիկնապահներից մեկի ձին և սրարշավ դուրս փախավ հովտից։

Այնուհետև փախուստն ընդհանրացավ. էլ ոչ մի տեղ դիմադրող չկար, ամենքն իրանց կյանքը փրկելու վրա էին մտածում։

Այս տեսնելով բլուրների վրա եղող խուժանը՝ որոտընդոստ աղաղակով ընկավ փախչողների ետևից։ Ուխտի զինվորներից ազատվողները զոհ էին դառնում նրանց բրերին և տապարաներին։

Հաղթությունը կատարյալ էր։

Առավոտյան դեմ հալածողները ետ դարձան և զարմանալով տեսան, որ ամբողջ հովիտը ծածկված է թշնամու դիակներով։ Նրանք չէին կարողանում հավատալ թե այդ ահագին կոտորածն իրանք են արել։