Էջ:Muratsan, vol. 4.djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամրոցի դռներում։ Ավետյաց լուրը կայծակի արագությամբ տարածվեց բերդում։ Գոհար իշխանուհին, որ ամուսնու և որդու հեռանալու օրից ի վեր շարունակ տանջվում էր տխուր մտքերով, եկավ և փարեց որդուն ուրախության արտասուքով։ Դղյակի և ամրոցի բնակիչները խռնվեցան իսկույն պատանու շուրջը՝ հաղթության մանրամասնությունները նրանից լսելու։ Ապա ամենքը միասին մտան եկեղեցի` գոհություն մատուցելու աստծուն՝ ուխտի զինվորների ձեռքով կատարած այդ հրաշքի համար։ Այնուհետև օրվա մնացորդներն անցուցին նրանք տոնակատարությամբ։

Բայց Գևորգ իշխանը այդ միջոցին զբաղված էր ուրիշ գործով։ Նա հաստատ գիտեր, որ Բեշիրը չի հանգստանալ, մինչև որ յուր կրած պարտության վրեժը չլուծե։ Ուստի առանց ժամանակ կորցնելու, սկսավ նորանոր պատրաստություններ տեսնել, որպեսզի ոչ միայն ապագա հարձակմանց դիմադրե, այլև ինքը հագարացիների ուժը ջրատելու համար, նորանոր հարձակումներ գործե։

Այդ նպատակով, ահա՛ թշնամու թողած ավարը յուր զինվորների և կռվին մասնակցող խուժանի մեջ հավասարապես բաժանելուց ետ, նա անմիջապես քաշվեցավ Գեղ, յուր բանակն այդտեղ կազմակերպելու համար։

Եվ որովհետև հաջողությունը միշտ հաջողություն է ծնում, ուստի այս անգամ նրա կոչին շատերն եկան։ Գեղա ամրոցի բոլոր զորքերը, Վեդի ավանի և Ճերմանիս գյուղի զինավարժ բնակիչները, Ուրծաձորի փախստականները և այլն, գունդագունդ հասան Գեղ և մտան իշխանի դրոշի տակ։ Նույնպես Գառնո բերդապահ զորքերից շատերը խնդրեցին Սյունյաց օրիորդին՝ միջնորդել իշխանի առաջ, որպեսզի իրանք ևս ընդունվին նրա բանակի մեջ։ Այդ միջնորդությունը տեղի ունեցավ և Գառնո զինվորները Գոռի հետ միասին փութացին Գեղ։ Այսպիսով Գևորգ իշխանի բանակն ստվարացավ։ Այժմ նա հինգ հարյուրից ավելի զինվոր ուներ, որոնք կարող էին կռվել բաց դաշտի վրա։

Բայց Բեշիրը Մարզպետունու հետ ընդհարվելու միտք չուներ։ Յուր պարտությունը, փախուստը և զորքերի կոտորածը այն աստիճան էին նրան կատաղեցրել, որ մի Մարզպետունու