Էջ:Muratsan, vol. 4.djvu/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


հետ և տեսնենք, թե ի՛նչ էին անում այդ ժամանակ Սևանա կղզում։

Առավոտ էր, երբ վանական հայերից մի քանիսը ծովափն իջնող հրոսակների գնդեր նշմարեցին։ Արաբական դրոշը ծանոթ էր նրանց, ուստի աճապարանոք խուցերը վազեցին՝ վանահորն ու միաբաններին այդ նորությունը հայտնելու։ Երբ վերջինները բլուրը ելան՝ ծովափը, դիտելու, թշնամու հեծելագնդերը բռնել էին արդեն հանդիպակաց տափաստանները։

Մարզպետունու հաղորդած լուրը չէր հարմարում այս անակնկալ նորության։ «Եթե Բեշիրը հաղթված էր, ապա ո՞րի զորքերն էին Սևանի վրա հարձակվողները...»։ Այս միտքը երկյուղ բերավ միաբանների վրա։

Բայց երբ այդ մասին հայտնեցին թագավորին, նա ամենի կասկածը փարատեց` ասելով.

-Մարզպետունուց ջարդ ուտելու պատճառով է, որ Բեշիրը հարձակվել է մեզ վրա. նա իշխանի վրեժը կամենում է լուծել թագավորից։

-Ինչ պիտի անենք այժմ,-սրտատրոփ հարցրեց թագուհին, որ միաբանների հետ միասին գտնվում էր թագավորի մոտ։

-Ոչինչ,-անհոգ եղանակով պատասխանեց թագավորը,-եթե արաբացիք կփորձեն մոտենալ մեր կղզուն, մենք կջարդենք նրանց լաստերը և իրանց էլ ջրի հատակը կխորասուզենք։

-Բայց ի՞նչ ուժով, մենք այստեղ ընդամենը հարյուր զինվոր ունինք,-հարցրեց թագուհին երկյուղագին։

-Հարյուր էլ միաբան,-հարեց թագավորը.-ով որ ազգի հացն ուտում է, ազգի համար էլ կարող է կռվել։ '

-Մենք պատրաստ ենք. մենք չենք փախչիլ կռվից,-դիտեց վանահայրը.-միայն թե զենք է պակասում մեր եղբարց։

-Զենք շատ ունին նրանք,-պատասխանեց թագավորը.-կղզին, փառք աստծո, ժայռապատ է. իսկ լաստերի հետ կռվելու համար հարկավոր չէ սուր կամ նիզակ։ Հրամայիր, որ քարհատները ժայռեր պոկեն կղզու խարակներից և ժողովեն նրանց ափերի մոտ։ Մեր սուրբ հայրերը,