Էջ:Muratsan, vol. 4.djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գերելու: Բայց որովհետև ինքը Բեշիրը ի ներքուստ բարեկամ է արքային, ուստի առաջարկում է նրան գալ յուր վրանը խաղաղության ու բարեկամության դաշն կռելու, իսկ Սևանը առանց կռվի հանձնել իրան, իբրև ամիրապետի իշխանության պատկանող կալված։ Հակառակ դեպքում,-ավելացրին պատգամավորները,-զորապետը չպիտի խնայե ո՛չ քո անձին և ո՛չ Սևանի բնակիչներին։

Թագավորը թեպետ խոր վիրավորվեցավ այս հանդուգն խոսքերից, բայց յուր սառնությունը պահել աշխատելով, ժպտալով պատասխանեց.

-Հայոց երկիրը ամիրապետինն է. ոչ ոք կարող է այդ ուրանալ. ուրեմն հարկ չկա կռիվ մղել այս կղզու դեմ, քանի որ նրա մուտքը փակված չէ ձեր առաջ։ Իսկ ինչ վերաբերում է ինձ, հայտնեցեք Բեշիր զորապետին, որ շատ զգացված եմ նրա ողջույնի և ինձ առաջարկած բարեկամության համար։ Ասացեք, որ վաղ առավոտ անձամբ կգամ նրան ողջունելու։ Տեսությունս հետաձգում եմ մի օր այն պատճառով, որ կարողանամ պատրաստվել և պարտ ու պատշաճ մեծարանքով դիմավորել զորապետին:

Պատգամավորները հիացան թագավորի խոնարհ ու քաղաքավարի պատասխանի վրա, որովհետև նրա սիրտը թափանցել չկարողացան. ուստի ուրախ-ուրախ իրանց նավակը դառնալով դեպի բանակն ուղղվեցան։

Երբ Բեշիրը թագավորի պատասխանը լսեց, հրճվեցավ. նա հավատաց, որ թագավորը սարսափել է արդեն յուր զորքի բազմությունից և թե յուր տեսությունը հետաձգել է այն պատճառով, որ արժանավոր ընծաներ պատրաստե յուր համար։

Բայց թագավորը դառնալով յուրայինների մոտ, հայտնեց, որ պատրաստվին վաղն ևեթ թշնամու վրա հարձակվելու։

Արքայի թիկնապահները, որոնց թիվը հազիվ հարյուրի էր հասնում, մնացին ապշած։

«Ինչպե՞ս թե հարձակվել թշնամու վրա. ի՞նչ կարող ենք անել մենք այն ահագին բանակի դեմ...», մտածեցին նրանք։