Էջ:Muratsan, vol. 4.djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանցանքներով... Ինչու՞ պատճառ դառնալ ընտանիքների դժբախտության, զրկել նրանց կերակրող ձեռքերից...։

-Այդ դեպքում արդեն թույլ չեմ տալ, որ ինձ մեղադրեն. ես արդեն չափել եմ, կշռել իմ քայլը և գիտեմ, թե ո՛ւմ կարող է վնասել։ Այս հարձակումը գուցե մի զոհ ունենա, բայց այդ զոհը կլինի նա, ով հետամուտ է մահվան, մնացյալները հաղթանակով կվերադառնան։

-Տարօրինակ մի գուշակություն է այդ...։

-Այդպես է. Բեշիրն այժմ անհոգ նստած յուր վրանում՝ սպասում է իմ անձնատուր լինելուն կամ մեր կղզու «մեծագին գանձերին»... Նրա պատգամավորներն այնպիսի պատասխան տարան այստեղից, որ նա ուրիշ բանի սպասել չի կարող։ Ուրեմն անխորհուրդ կերպով չեմ ես այս քայլն անում, թող անհոգ լինին միաբանները, անհոգ լինի և թագուհին։

-Եվ թագուհի՞ն... Ուրեմն դու հավատու՞մ ես, որ նա կարող է անհոգ լինել, երբ թագավորը հետամուտ է լինում մահվան...

-Չէի կամենալ վիշտ պատճառել քեզ... Բայց իմ վճիռն անդարձ է։ Ինչ հետևանք էլ որ նա ունենա, դու պիտի հաշտվես նրա հետ։ Իմ երջանկության օրերում անգամ ես թույլ չեմ տվել, որ անձնասիրությունը գերակշռե իմ մեջ պատվասիրության, ի՞նչպես կարող եմ թույլատրել այդ այժմ, երբ դեպի իմ անձը տածում եմ միայն ատելություն...։

-Օ՜, ինչպե՜ս անգութ ես... գոնե վերջին պատճառն ինձ չհայտնեիր, գոնե զգալ չտայիր ինձ, թե դիմավորում ես մահվան այն պատճառով, որ չունիս աշխարհում այլևս մեկը, որի համար կամենայիր դու ապրել...։

Այս ասելով թագուհին հեռացավ թագավորից և վշտահար սրտով յուր կայանը դարձավ։

Հետևյալ առավոտ, դեռ արևը չծագած, լաստերը պատրաստ ջրի վրա էին։ Թագավորի ներկայութամբ զինվորները նետաձգության փորձեր էին անում։ Նա կամենում էր ստուգել, թե որո՞նք կարող են պիտանի լինել արշավանքին, որպեսզի լաստերի վրա անշահ մարդիկ չվերցնե։