Էջ:Muratsan, vol. 4.djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Յուր հարյուր զինվորներից նա ընտրեց միայն յոթանասուն հոգի, որոնք կորովի, մազից չվրիպող նետաձիգներ էին։ Դրանց բոլորին տեղավորեց տասը լաստի վրա, յուրաքանչյուր լաստին հատկացնելով յոթ զինվոր. իսկ լաստավարներ կարգեց միաբաններից, որոնք հաջողակ էին այդ գործում։

Ապա ընտրեց յուր համար մի թեթևաշարժ նավակ, ուր վարողներից զատ տեղավորեց նաև յուր ազատանի թիկնապահները։ Այնուհետև հրաման տվավ կղզում մնացող զորքին և միաբանությանը, որ շարունակ դիտեն յուր շարժումը և նշան տալուն պես բոլորը նիզակներով զինված ելնեն լաստերի վրա և առաջանան դեպի թշնամին։ Այդպես պիտի անեին նրանք, ցույց տալու համար, թե կղզուց նոր զորք է հասնում օգնության։

Երբ արևը Այծեմնասարի ետևից ելնելով բարձրացավ մի ասպարեզ, թագավորի փոքրիկ նավատորմը սկսավ մեղմ ընթացքով դեպի Բեշիրի բանակն առաջանալ։ Արքայի նավակը, որ զարդարված էր դրոշակներով, գնում էր առջևից, իսկ լաստերը հետևում էին նրան զույգ-զույգ։ Զինվորները թեպետ համակ զրահազգեստ, բայց ամփոփած ունեին նիզակներն ու վահանները, որպեսզի կարծել տան թշնամուն, թե զինվորված չեն գալիս իրանց մոտ։ Հազիվ քանի մի հարյուր գրկաչափ հեռացան նրանք կղզուց, և ահա Բեշիրի գունդերը եկան խռնվեցան ափերի վրա՝ հայոց թագավորի և նրա շքախմբի գալուստը դիտելու։ նրանցից շատերն անզեն էին, շատերը, մինչև անգամ, բոկոտն կամ կիսով չափ հագված: Ոչ ոք նրանցից չէր սպասում հարձակման։

Իսկ Բեշիրը, որ ձգված էր յուր զարդարուն վրանում, երբ Աշոտ-Երկաթի գալուստն իմացավ, հրամայեց, որ շքադիր խմբերը գան և վրանը պատեն, որպեսզի հայոց թագավորը տեսնե ամիրապետի զորավարին կատարյալ շքեղության մեջ։ Ապա նա հագավ յուր հարուստ զգեստները, ծածկեց ոսկե ցցունքով զարդարուն ապարոշը, կապեց դամասկյան ոսկեզարդ սուրը և փառավոր օթոցի վրա բազմելով սպասում էր հյուրին: Նա որոշել էր պատվով պահել թագավորին մի քանի ժամ, մինչև որ հետը բերած ընծաները նա կհանձներ յուր գանձապահին. իսկ հետո կհրամայեր շղթայի զարնել, որպեսզի