Էջ:Muratsan, vol. 4.djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդտեղ վխտում էին քուրմեր ու քրմուհիք, որոնք բնակիչների մեծագույն մասն էին կազմում։ Հեթանոս Ժողովուրդը դիմում էր այդ քաղաքը Հայաստանի հեռավոր սահմաններից, զոհում էր մշտավառ բագինների վրա և մատուցանում աստվածներին առատ նվերներ, որոնցով օրըստօրե հարստանում էին մեհյանները և քրմապետների գանձարանը։ Երեք դար շարունակ կանգնած էին այդտեղ դիցական պատկերներ, և շուրջ երեք դար աղոթում էր նրանց առաջ հայոց ժողովուրդը, բայց այդ ժամանակ դժբախտ չէր Բագարանը, նա երկյուղ չէր կրում թշնամիներից և նրա պղնձապատ դռները չէին փակվում հարձակվող հրոսակների առաջ։ Այդտեղ ապրում էին միայն աղոթելու և զվարճանալու համար։

Անցան այդ դարերը։ 925 թվականին Բագարանը ուրիշ պատկեր էր ներկայացնում։ Չկային այլևս կռոց մեհյաններ. չէին երևում կռապաշտական հիշատակարանների հետքերը. դրանց փոխարեն զարդարում էին Բագարանի բարձունքը հոյակապ եկեղեցիներ և գեղաշեն մատուռներ։ Հեթանոսական պաշտամանց փոխարեն լսվում էին դրանց մեջ բարեպաշտ քրիստոնեի աղոթքն ու մրմունջը. մարդիկ պաշտում էին այդտեղ ճշմարիտ աստծուն. բայց նրանք այժմ բախտավոր չէին այնպես, ինչպես որ էին իրանց հեթանոս նախահայրերը... Նախկին ազատությունն ու խաղաղ կյանքը անծանոթ էին այժմ Բագարանին։ Նա շրջապատված էր ամրություններով, բարձր պարիսպներն արգելում էին ժողովրդի ազատ ելումուտը մռայլ աշտարակները նայում էին իրանց շուրջը ահարկու աչքերով, իսկ Ախուրյանի խորաձորը տխրեցնում էր անցորդին յուր ամայությամբ։

Այստեղ այդ միջոցին ամրացած էր թագավորի հորեղբայր Աշոտ սպարապետը յուր զորքերով ու գանձերով։ Այստեղից նա զգուշությամբ հսկում էր յուր կալվածներին և սեփական հպատակներին, բայց զլանում էր յուր պաշտպանությունը նրանց, որոնք թագավորի հպատակներն էին։ Տարիներ առաջ թագ ստանալով Յուսուփ ոստիկանից, սպարապետն աշխատեց հեռացնել գահից յուր եղբորորդուն - հարազատ թագավորին և նրա տեղն անցնել. բայց նպատակին չհասավ և միայն երկիրն ավերեց ու տակնուվրա արավ. այդ